Կարևոր իրադարձություններ

Բանակը համալրվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից միջոցներով, բարելավվել է զինծառայողներին մատուցվող սնունդը. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

11 Օգոստոս, 2020 12:00
 Բանակը համալրվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից միջոցներով, բարելավվել է զինծառայողներին մատուցվող սնունդը. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով հարցման պատասխանի բովանդակությունը, վերջին երկու տարում մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից ստացված բողոքները, ինչպես նաև հարցմանը պատասխանելու ժամկետները:

Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ պետական ինստիտուտների հետ աշխատելուն: Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ պաշտպանության նախարարությանը, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և հանգամանալից:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Հարցվածների շուրջ 85%-ը դրական է գնահատել Պաշտպանության նախարարության աշխատանքը:

Ստորև ներկայացնում ենք նախարարությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները.

• Զինված ուժերը համալրվել են «ՍՈւ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային պաշտպանության համալիրներով, սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից այլ միջոցներով:

• 2019թ. հունիսից մեկնարկել է ՀՀ ԶՈւ զորամասերին քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի պատրաստման և մատուցման գործընթացը, ինչի արդյունքում բարելավվել է սննդի որակը և տեսականին:

• 2019թ. հուլիսի 1-ից միջինը 10%-ով, իսկ մարտական հերթապահության մեջ նորգրավված հրամանատարական կազմի համար ավելի քան 30%-ով ավելացվել են զինծառայողների դրամական բավարարման չափերը:

• Տեսադիտարկման համակարգերի և կապի ժամանակակից միջոցների տեղադրման, մարտական հերթապահության կրման նոր ձևերի կիրառման միջոցով առաջնագծում կատարելագործվել է մարտական հերթապահությունը: Մեծ ծավալով աշխատանքներ են տարվել մարտական դիրքերը և հենակետերը արդյունաբերական էլեկտրական հոսանքով և մշտական ջրով ապահովելու, ինչպես նաև առաջնագծում անձնակազմի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

• Զինծառայողների բնակելի տարածությունների վարձակալության դիմաց փոխհատուցումների չափը 2019թ. հունվարի 1-ից ավելացել է մինչև 35%-ով:

• 2019թ. գործողության է դրվել ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը: Ստեղծվել են գլխավոր վարչություններ, ծառայություններ և կենտրոններ, կազմավորվել են նոր միավորումներ, զորամասեր ու ստորաբաժանումներ: ԶՈւ նույնանման զորամասերը բերվել են տիպային կառուցվածքի, կատարվել են ուժերի և միջոցների վերաբաշխումներ:

• Զորամիավորումներին առաջադրվել են նոր մարտական խնդիրներ, ԶՈւ ստորաբաժանումներն ուժեղացվել են ինչպես կառուցվածքային, այնպես էլ սպառազինության և ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով:

• Մարտական պատրաստության որակի կատարելագործման նպատակով իրականացվել են գործող ղեկավար փաստաթղթերն արդի պայմաններին համապատասխանեցնելու, ակտիվ պահեստազորի ներդրման և զորքերի պատրաստության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

• Որակապես նոր մակարդակի է հասցվել անձնակազմի թիկունքային ապահովումը:

• Բարելավվել է դաշտային համազգեստի գործվածքը՝ 35% բամբակ և 65% պոլիէսթեր բաղադրությամբ կտորի փոխարեն ձեռք է բերվել 50% նեյլոն բաղադրությամբ համազգեստ:

• ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Ակտիվ պահեստազորային ծառայության կազմակերպման կարգը», որով կարգավորվում են քաղաքացիներին ակտիվ պահեստազորային ծառայության ներգրավման հետ կապված հարաբերությունները:

• «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության ժամկետը նախկին 3 տարվա փոխարեն սահմանվել է 2 տարի 3 ամիս: Շարունակվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրային զինծառայողներով փոխարինելու գործընթացը:

• Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կազմակերպվել է «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-ամսյա դասընթաց: Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում վերանայվել և հաստատվել են բակալավրի և մագիստրոսի ուսումնական ծրագրերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև լրացուցիչ կրթության ուսումնական ծրագրերը:

• Վերանայվում են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման փաստաթղթերը, մեկնարկել են մի շարք ծրագրեր՝ ուղղված անձնակազմի կարգապահության մակարդակի բարձրացմանը և կանոնադրային հարաբերությունների ապահովմանը:

• 2019թ. օգոստոսի 22-ին ընդունվել է սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման միջոցով պետական աջակցության ցուցաբերման նպատակային ծրագիրը:

• Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին ցուցաբերվող պետական աջակցության ժամանակահատվածը նախկինում սահմանված 2016թ. փոխարեն տարածվել է մինչև 2008թ. հունվարի 1-ը:

• Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին Աֆղանստանում (121 զինծառայող), Կոսովոյում (40 զինծառայող), Լիբանանում (32 զինծառայող և 1 դիտորդ) և Մալիում (1 զինծառայող):

• Շարունակվել է նաև հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում, որտեղ հայ մասնագետները տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների արդյունքում մինչ օրս ականազերծել են 152.738 քմ տարածք: Հումանիտար առաքելության շրջանակներում հայ բժիշկներն իրականացրել են լաբորատոր հետազոտություններ, թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել Սիրիայի ավելի քանի 12.000 քաղաքացու:

• Պաշտպանության ոլորտի ընթացիկ խնդիրների լուծման և առկա մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու նպատակով ըստ անհրաժեշտության (որպես կանոն՝ տարեկան պարբերականությամբ) վերանայվում են ԶՈւ առաջնորդող փաստաթղթերը և ծրագրերը:

• Պաշտպանական ոլորտի բարեփոխումներին աջակցելու և արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2020թ. ապրիլի 21-ի N 470-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնախումբ:

• ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 13-ի N 344-ԱԳ որոշմամբ մեկնարկել է Պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական երկամյա շրջափուլը, որի արդյունքներով կսահմանվեն համակարգի զարգացման գերակա ուղղությունները և առաջնահերթությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին