Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր քիմպրոմ»-ի թունավոր նյութերի քանակի մասին հստակ ինֆորմացիա չկա, քանի որ չափիչ սարքերը չեն աշխատում․ Վանաձորի քաղաքապետ

06 Օգոստոս, 2020 11:23
«Վանաձոր քիմպրոմ»-ի թունավոր նյութերի քանակի մասին հստակ ինֆորմացիա չկա, քանի որ չափիչ սարքերը չեն աշխատում․ Վանաձորի քաղաքապետ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի պատճառներից մեկն ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) բռնկման պատճառով է եղել։ 

Պայթյունից ժամեր անց «Հայկական ժամանակ»-ն անդրադարձավ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Վանաձոր Քիմպրոմ»-ում  մնացած թունավոր նյութերի, մասնավորապես ամոնիակի հսկա տարաններում պահվող շուրջ 90 տոննա ամոնիակի և ամոնիակաջրի խնդրին։ Հոդվածում նշվում էր, որ ցանկացած պահի ՝ թե՛ կոռոզիայի, թե ինչ—որ մեկի անփության պատճառով քաղաքը հնարավոր է գնա մահվան։

«Խնդիրը մինչև վերջ խորը ուսումնասիրված չէ։  Չափիչ սարքերը որևէ ձևով չեն աշխատում, և երբ նշում են կոնկրետ քանակության մասին, որևէ մեկը ստույգ չգիտի ՝ ինչքան քանակությամբ նյութ կա։ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ուսումնասիրություններ են կատարվել, մասնագետների հետ ենք զրուցել, բայց խնդիրն այն է, որևէ մեկը նյութերի քանակության վերաբերյալ ինֆորմացիա չունի։ Երկու ռեզերվուարներ կան և չափիչ սարքերը չեն աշխատում, որպեսզի ստույգ քանակ նշվի։ Համապատասխան մասնագետները պետք է այդ ամոնիակը տեղափոխեն ավելի անվտանգ վայր»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Քաղաքապետի խոսքով՝ բոլոր կառույցներն իրազեկված են խնդրի մասին․ « Վերջերս ԱԻՆ-ից ուսումնասիրություն է կատարվել, եթե չեմ սխալվում՝ անցյալ տարի։ Հիմա ուղղակի պետք է ամոնիակ տեղափոխող մեքենաներ լինեն, կամ ՝ դա քաշվի այլ տարրաների մեջ և տարվի ավելի անվտանգ վայր, բայց քանակության մասին իրարամերժ  են տեղեկությունները, որովհետև որևէ մեկը ստույգ չգիտի, գուցե նույնիսկ շատ քիչ քանակությամբ է և որևէ վտանգ չի ներկայացնում։ Այսինքն լուրջ մասնագիտական միջամտություն է հարկավոր։ Մենք խնդրի մասին իրազեկել ենք, հիմա տեսնենք ուսումնասիրությունները, երբ կլինեն»։

Մեր ճշտող հարցին՝ ԱԻՆ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն ինչպիսին են եղել, Ասլանյանն ասաց․ «Չափիչ սարքերը պետք է նորոգվեն, հասկանան, թե ինչ քանակությամբ է, գուցե այն քանակությամբ է, որ վտանգ չի ներկայացնում իրենից, որովհետև ինքը պայթող չէ, ճնշման կամ այլ ներգործության արդյունքում ինքը կարող է վտանգ ներկայացնել, բայց բնականաբար, եթե այդ քանակությամբ օդ արտադրի դա մեծ խնդիր կառաջացնի քաղաքի համար։ Հետևաբար, լուրջ մասնագետներ զբաղվեն, որպեսզի ճիշտ և անվտանգ կերպով այդ ամոնիակը դուրս բերեն քաղաքից, կամ՝ տեղափոխեն այլ վայր»։

Ասլանյանից հետաքրքրվեցին՝ Բեյրութի դեպքերից հետո արդյո՞ք իր մոտ անհանգստություն չառաջացավ, քանի որ փաստացի «Վանաձոր Քիմպրոմ»-ում ևս կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել․ «Ճիշտն ասած՝ առաջին միտքը դա ծագեց, բայց խնդրի մասին մենք տեղյակ ենք, մեր համաքաղաքացիները, տարբեր կառույցներ ևս։ Կարծում եմ՝ համապատասխան մասնագետներն ու կառույցները ոչ միայն հետևություններ են արել, այլև մտածել են, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել»,- եզրափակեց նա։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն ասաց, որ խնդրի առնչությամբ իրենք հայտարարություն կտարածեն։

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին