Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող փոփոխությունները

05 Օգոստոս, 2020 17:52
Քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող փոփոխությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Նրա խոսքով, փոփոխությունները միտված են հանրակրթության ոլորտում կարողությունների զարգացմանը, իսկ նոր չափորոշիչներով դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվելու բովանդակությանը:

Զեկուցվել է, որ նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով: Նախատեսվում է նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը: Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է:

Փոփոխությունների շրջանակում գնահատվել են նաև այն 8 կարողությունները, որոնք կարող են նկարագրել քաղաքացու տեսլականը դպրոցի ավարտին: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հիմնական առարկայական փոփոխությունները, որոնցով պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները:

Մշակվել է վերը նշված փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզը: Նշվել է, որ փոփոխությունները քննարկվել են նաև հանրապետության 1500-ից ավելի ուսուցիչների հետ, որոնք իրենց հերթին ևս հանդես են եկել առաջարկություններով:

Միաժամանակ, զեկուցվել է, որ դասագրքերի փոփոխությունների իրականացման ուղղությամբ քննարկումները կմեկնարկեն 2021 թվականին և 2022-ից կներդրվի ամբողջական համակարգ:

Վարչապետը կարևորել է հանրակրության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական բարեփոխումները և ընդգծել դպրոցներում դասավանդվող օտար լեզուների ընդլայնմանը, աշակերտների կարողությունների զարգացմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագծերը լրամշակել հանրային քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա: «Հանրակրթության որակի բարձրացումն այն ամբողջությունն է, ինչը համապատասխանում է մեր տնտեսական, քաղաքական և ռազմավարական պատկերացումներին»,- նշել է վարչապետը՝ կարևորելով նաև հանրակրթության ոլորտում փոփոխությունների իրականացումը մինչ այժմ կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին համահունչ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև նախագծերի հետ կապված տանել հանրային իրազեկման լայն աշխատանք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին