Կարևոր իրադարձություններ

Առաջնային խնդիրը թիրախային և առաջին անհրաժեշտության օգնության համակարգումն է. ԱԳՆ խոսնակ

05 Օգոստոս, 2020 12:32
Առաջնային խնդիրը թիրախային և առաջին անհրաժեշտության օգնության համակարգումն է. ԱԳՆ խոսնակ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։  

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 7 տասնյակի, հազարավոր քաղաքացիներ վիրավորվել են։

Պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ, շուրջ 100-ը վիրավորվել են։  Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը, Լիբանանում ՀՀ դեսպանատան որոշ մասը։

Shabat.am-ը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քննարկվում է Հայաստան տեղափոխել Բեյրութում գտնվող հայերին, վերջինս պատասխանեց․ «Առաջնային խնդիրը թիրախային և առաջին անհրաժեշտության օգնության համակարգումն է»։

Նախնական տվյալներով զոհվել է քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Դելիա Փափազյանը։

Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 70 մարդու կյանք է խլել:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել, ինչն էլ հանգեցրել է հզոր պայթյունի։

Նշվում է, որ ուժային կառույցներից հայտնել են, որ պայթել է դեռևս 9 տարի առաջ նավերից մեկից առգրավված մաքսանենգ ապրանքը, որն իրենից պայթուցիկ նյութ էր ներկայացնում: Այդ բեռն այս տարիների ընթացքում պահվել է նավահանգստի պահեստում հետագա վերամշակման կամ ոչնչացման համար: Դեռևս 4 ամիս առաջ հաշվետվություն էր կազմվել ծովային նավահանգստում նման բեռի պահման վտանգի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ պահեստում կարճ միացում է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է առաջացել, ինչի արդյունքում էլ բռնկվել է նիտրատը:  

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին