Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

30%-ով բարձրացվել է ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձ, չարորակ հիվանդության վիրահատությունը դարձել է բացառապես անվճար. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

05 Օգոստոս, 2020 16:42
30%-ով բարձրացվել է ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձ, չարորակ հիվանդության վիրահատությունը դարձել է բացառապես անվճար. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով հարցման պատասխանի բովանդակությունը, վերջին երկու տարում մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից ստացված բողոքները, ինչպես նաև հարցմանը պատասխանելու ժամկետները:

Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ պետական ինստիտուտների հետ աշխատելուն: Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և շատ հանգամանալից:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Հարցվածների շուրջ 80%-ը դրական է գնահատել Առողջապահության նախարարության աշխատանքը:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք նախարարությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները, որից հետո էլ գերատեսչության կողմից տրամադրված ամբողջական մանրամասն տեղեկատվությունը:

• Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10.000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով:

 • Իջեցվել են վճարովի ստենտավորման գները ավելի քանի 250000 դրամի չափով։

 • Սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրով 156 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն:

 • Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը:

 • Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն արդեն բացառապես իրականացվում է պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար:

 • Շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։

 • 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչեւ 7 տարեկան երեխաների, մինչեւ 18 տարեկան սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը 2019-ից կազմակերպվում է անվճար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն:  

 • Ներդրվել է պետպատվերով մատուցվող ծառայությունների մոնիտորինգի առցանց համակարգը։

 • Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։

 • Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով` շուրջ 40%-ով աճել է նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից հասցնելով 50-ի:

 • Վերանայվել են ծննդատների մակարդակները, ինչը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Էականորեն ավելացվել են ծննդօգնությանը հատկացվող միջոցները:

 • Մարզերի եւ Երեւան քաղաքի շուրջ 15000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը:

 • Ներդրվել է բուժօգնության դեպքերի անհատական վարման համակարգ. քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչեւ բուժման ավարտը:  

 • Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ առողջ ապրելակերպի խթանման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ալկոհոլի գովազդի սահմանափակման, ինչպես նաեւ առողջ սնուցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։  

 • Մոտ 400 անուն դեղ, որոնք անհասանելի էին անապահով ընտանիքների համար, 2019- հուլիսի 1-ից տրամադրվում են անվճար:

 • Հեպատիտ Ց-ի բուժման համար անրհաժեշտ հակավիրուսային եւ հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ ունեցող աճի հորմոն դեղերը 2020 թվականից հատկացվում են անվճար:  

 • 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում և տարվա ընթացքում կատարվել է 6266 վիրահատություն՝ 2018 թվականի 1835-ի փոխարեն:

 • 2019 թվականի փետրվարից անվճար իրականացվում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առ այսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 461 քաղաքացի:  

• 2019 թվականի հուլիսից նաև 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

• 500 մլն դրամով ավելացել է «Շտապ բժշկական օգնության ծրագրի» ֆինանսավորումը, որից 250 մլն դրամը հատկացվել է մարզային թվով 14 բժշկական կենտրոններին` մեկական բրիգադ ավելացնելու նպատակով, իսկ 250 մլն դրամ` Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին գծային բրիգադների թիվը 15-ով ավելացնելու համար:

• 2019 թվականի հունվարից, բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։

• 2019 թվականի օգոստոսից պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը: 2020 թվականին ցանկն ընդլայնվել է և  պետական պատվեր է տեղադրվել 7 բժշկական կազմակերպությունում:

• 2019թ. սեպտեմբերից մեկնարկել  և 2020թ. ընդլայնվել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, շուրջ 300 անզավակ զույգի արդեն իսկ տրամադրվել են անպտղության բուժմանն ուղղված ծառայություններ:  

• 2019-ի հոկտեմբերից ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: Անվճար 1528 վիրահատություն է կատարվել, 22%-ով ավելի, քան 2018-ին:

• 2020թ. հունվարից Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք՝ 5 դիալիզային տեղով: Ժամանակակից սարքավորումներով հագեցած ծառայությունը հնարավորություն է ընձեռնում Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների հիվանդներին ստանալ հեմոդիալիզային բուժում` իրենց բնակավայրերին մոտ։  

• 2020թ. փետրվարից ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency: Մեկնարկից մինչև հիմա մատուցվել է 1118 ծառայություն:

• 2020 թվականի փետրվարին եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ:  Պայմանագրի կնքման շնորհիվ, 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը:  

• Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականի  փետրվարից է նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել է 12 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին:

• 2020թ. փետրվարին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը միտված է առողջ հասարակություն ունենալուն:

• Ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սկրինինգը  50 բժշկական կազմակերպություններում, որն ուղղված է նորածինների մոտ կոնքազդրային հոդախախտի վաղ հայտնաբերմանն ու հաշմանդամության կանխարգելմանը: Մինչ օրս իրականացվել է 2405 հետազոտություն:

• Ընդլայնվել են դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները:  

• Թարմացվել է շտապօգնության ծառայության ողջ ավտոպարկը՝ 200 մեքենաներով։

 • Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում, որի շնորհիվ փրկվել է 56-ամյա կնոջ կյանք:

• 2020թ. ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշում ունեցող բոլոր հիվանդների համար, անկախ հիվանդության փուլից, քաղցկեղի ագրեսիվությունը որոշող մարդու էպիդերմալ աճի գործոնի՝ HER2 ռեցեպտորների ստատուսի որոշումը կկատարվի անվճար:

• Բարելավվել է հղիների նախածննյան հսկողութունը, ընդլայնվել է բարձր ռիսկի հղիների հետազոտությունները, հայտնաբերելով և բուժելով ախտաբանական այն վիճակները, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում ինքնաբեր վիժումները, ներագանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով:

• Կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 80 հազար ՊՇՌ թեստեր և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել են շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։

• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված կազմակերպվել և գործարկվել է թվով 5 ՊՇՌ լաբորատորիա: Հաջորդիվ ներգրավվել է ևս 4 լաբորատորիա:

Նախարարության տրամադրած հաշվետվությունն ամբողջությամբ՝ հետևյալ հղումներով (Հաշվետվություն 1, Հաշվետվություն 2):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին