Կարևոր իրադարձություններ

Հենց օրենքը հնարավորություն տա, առաջինը ես կնստեմ «բուլդոզեր». Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակում նոր կառուցապատման մասին

04 Օգոստոս, 2020 12:41
Հենց օրենքը հնարավորություն տա, առաջինը ես կնստեմ «բուլդոզեր». Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակում նոր կառուցապատման մասին

Քիչ առաջ տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը: Նա անդրադարձավ Երևանի Մաշտոցի պուրակում սրճարան կառուցելու հարցին, որը վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:

Ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը հանդես եկավ բացման խոսքով. «Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ եղել է և ուղղված է եղել մեր քաղաքը ազատելու տարբեր տեսակի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելու: Այդպես եղել է մինչև այժմ և այդպես էլ շարունակվելու է, քանի որ ես ինքս էլ այդպես եմ մտածում: Ես գտնում եմ, որ Երևանն ավելի կանաչ պետք է լինի, քան այժմ է: Այդ ուղղությամբ արդեն շատ մեծ քայլեր են արվել», – նշեց նա:

Մարությանը պատմեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել քաղաքում, ինչ ժառանգություն են ստացել և ինչպես պետք է օրենսդրական կարգավորումներով կանոնակարգել: Հավելենք, որ օգտատերերը հիշել էին 2012 թվականին պուրակի փրկության համար ծավալված քաղաքացիական շարժումը, որի շարքերում՝ այգու տարածքում սրճարանի կառուցման դեմ այն ժամանակ պայքարում էին ներկայիս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ ներառյալ Երևանի այժմյան քաղաքապետ Հայկ Մարությանը։ Անդրադառնալով այս հանգամանքին, նա նշեց, թե մինչև հիմա էլ պայքարում է այդ պուրակի համար:

«Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ և դրանք առաջ եմ տանում և ամրագրում եմ: Դուք գիտեք, որ այն տաղավարները, որ պետք է կառուցվեին, ուղղակի հանրային ճնշմամբ թույլ չտվեցին, որ պարոն Մարգարյանը կառուցի: Այնտեղ կար մի սրճարան, որն ուներ 275 քմ սեփական տարածք, որն անձեռնմխելի է և 17 քմ որպես սեփականություն՝ կրկին կադաստրում գրանցված սեփականություն: Եվ դա իր սեփականությունն է ընդմիշտ և մենք բան չենք կարող անել այդ մասով», – ասաց նա: Մարությանը հավելեց, իր համար գերակա է Երևանի բնապահպանությունը և, եթե օրենքը հնարավորություն տա, առաջինը ինքը կնստի բուլդոզեր կոչվածը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին