Կարևոր իրադարձություններ

Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս Հայաստան ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել. Aravot.am

03 Օգոստոս, 2020 20:27
Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս Հայաստան ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել. Aravot.am

Aravot.am-ը գրում է․

«Մոտ երկու շաբաթ է` վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարահաշինությունում եւ այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել: 

Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի աշխատանքների համար: Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բադիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային  կոմբինատի եւ հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս:

Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 16-ին եւ 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ռուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը,  որեւէ պատասխան չենք ստացել: Ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն են, երկար տարիների փորձ ունենք, եւ երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:

Aravot.am-ի հետ զրույցում «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հաստատեցին, որ իրենց բեռները կանգնած են Լարսում: Ընկերությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, բայց որեւէ պատասխան չեն ստացել: Ընկերությունից ասացին, որ նման բեռները չեն կարող ամբողջ տարվա համար միանգամից պատվիրել, գնել ու օգտագործել. «Մենք գրաֆիկ ունենք մատակարարների հետ՝ ամսվա ընթացքում 3-4 անգամ է  բերվում: Հիմա պահեստում մի քիչ ապրանք կա, բայց եթե խնդիրը շտապ չլուծվի, ապա մեկ շաբաթ հետո մեր հիմնարկի աշխատանքները կկանգնեն»:

Ընկերությունից նաեւ վստահեցրին, որ հանքարդյունաբերությունում օգտագործվող այս պայթուցիկ նյութերը ներկրելու համար նախօրոք են բոլոր թույլտվությունները ստանում, ամբողջ տարվա տարանցիկ տեղափոխման համար էլ բոլոր թույլտվություններն ու համաձայնությունները ստացել են, բայց հիմա մոտ 46 տոննա բեռ սահմանին կանգնած է, տեղ չի հասնում, եւս մի քանի մեքենա էլ պետք է բարձվի եւ ուղարկվի, բայց, քանի որ վրացական կողմը արհեստական խնդիր է ստեղծել, ռուսական մատակարար ընկերությունը չի ուղարկում, որովհետեւ մտավախություն ունի, որ մեքենաները սահմանին կկանգնեն:

Վրացական կողմի այս կամայականության պատճառով հիմա կանգնել են նաեւ Վեդու ջրամբարի շինաշխատանքները: Մեզ հետ զրույցում հորատման եւ պայթեցման աշխատանքներ իրականացնող «Բեկոր» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Ֆրեդ Նազարյանն ասաց, որ սպասում է պայթուցիկ նյութերի բեռին, որպեսզի ջրամբարի պատվարի վրա պայթեցման եւ Ալավերդու ամենաբարդ ճանապարհի շինաշխատանքները շարունակվեն: Ընկերությունը 29 տարի է` Ռուսաստանից է ներկրում այս ապրանքը՝ «Պրոմսինթեզից» եւ «Ազոտվզրիվ»-ից:

Պարոն Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այս երկու ընկերությունները «Բեկորի»-ի պատվիրած բեռները, այսպես ասած՝ վախենում են ուղարկել, քանի որ նույն ճակատագրին կարժանանան, ինչ մյուսներինը. «Հիմա ջրամբարի պատվարի վրա քար պիտի պայթեցնենք, աշխատանքները կանգնում են, նույնը Ալավերդու ճանապարհի վրա է: Բայց մեր փաստաթղթերում որեւէ խնդիր չկա, անգամ մի պակաս ստորակետ չկա: Տարանցիկ տեղափոխման համար Վրաստանի հետ համաձայնեցված է»»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին