Կարևոր իրադարձություններ

Արցախի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանով պայմանավորված չէ, դա եղել է միասնական պայքար. Պարույր Հայրիկյան

31 Հուլիս, 2020 15:51
Արցախի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանով պայմանավորված չէ, դա եղել է միասնական պայքար. Պարույր Հայրիկյան

Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսեց սահմանային լարվածության, Նախիջևանում զորավարժություններ սկսելու, կորոնավիրուսային համաճարակի և ներքաղաքական իրավիճակի մասին: Նա նշեց, որ Նախիջևանը ապօրինի պայմանագրով Հայաստանից վերցվեց եւ տրվեց մեկ այլ պետության, սա միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումն է, երբ միջազգային իրավունքի երկու ենթականեր որոշում են ընդունում միջազգային իրավունքի երրորդ ենթակայի վերաբերյալ՝ առանց այդ երրորդի մասնակցության:

Խոսելով Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին, Հայրիկյանն առաջնորդն ասաց, որ ծավալուն զորավարժություններ սկսելը ոչ միայն մարտահրավեր է, այլև հետախուզություն, թե համաշխարհային հասարակական կարծիքն ինչ վերաբերմունք կդրսևորի:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրեր առաջ տված հարցազրույցին, Հայրիկյանը նշեց, որ չի ցանկանա անդրադառնալ Քոչարյանի ելույթին, քանի դեռ նա մեղադրյալի կարգավիճակում է: «Երբ նա կլինի այլ կարգավիճակում, ես այն բացասականը, որ ասել եմ, հրապարակավ, կկրկնեմ: Ժամանակին ես բաց նամակ եմ ուղղել իրեն՝ դրականը չմոռանալով: Իսկ դրականը ես համարում եմ այն, որ սահմանադրական բարեփոխումների գործին նա իսկապես լուրջ վերաբերվեց և վստահեց ինչ-որ չափով չեզոք թիմի: Սակայն հետո եկավ երկրորդ փուլը, որից հետո նա տրվեց տրամադրություններին: Նա սկզբում եկել էր բավական առողջ և անաչառ դիրքորոշումներով, բայց….. ես գործիչներին գնահատում եմ իրենց արած գործերով: Նրա գործերը Հայաստանը ժողովրդավարությունից հեռացնելու մեջ է մտնում»:

Հարցին, թե արդյոք Արցախյան հաղթանակը նրա ձեռքբերումը չէր, Հայրիկյանը նշեց, որ Արցախի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանով պայմանավորված չէ.«Նա մի օր չի նստել Արցախի անկախության համար, իսկ ովքեր նստել են ու պայքարել են, նրանց լավ եմ ճանաչում, դա եղել է միասնական պայքար և ես դա չեմ վերագրի Քոչարյանին»,- նշեց Հայրիկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին