Կարևոր իրադարձություններ

Վարորդական վկայական ստանալու կարգը փոխվում է․ ի՞նչ կտա այն երթևեկությանը

31 Հուլիս, 2020 12:41
Վարորդական վկայական ստանալու կարգը փոխվում է․ ի՞նչ կտա այն երթևեկությանը

Սեպտեմբերից Հայաստանում փոխվում է վարորդական վկայական ստալու կարգը, վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը։

 Նախագիծը նշենք, որ շրջանառության մեջ է դրվել դեռևս  2019 թվականից։ 

Փոփոխություններ կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննության կարգում։

 Նոր կարգով տեսական հարցաշարը նախկին՝ 620 հարցից դառնալու է մոտ 1200։ Քննության համար էլ նախատեսվում է ոչ թե 10, այլ՝ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել ոչ թե նվազագույնը 9 հարցի, այլ՝ 18-ի։ Ինչ վերաբերում է գործնական քննությանը, ապա ոչ թե հիմք է հանդիսանալու ավտոդրոմում վարելը, այլ բացի դրանից վարորդի թեկնածուն պետք է ապացուցի, որ կարող է վարել նաև քաղաքային երթևեկության պայմաններում։ 

«Եթե համարենք, որ ներկայիս քննական կարգը բավականին հեշտ է, այս նոր տարբերակով այն կդառնա միջին, եթե համարենք, որ ներկայիս կարգը բարդ է, այս տարբերակով կդառնա ավելի բարդ, այսինքն մոտեցման խնդիր է։ Իրականում, մեր ներկայիս կարգը պարզունակ է և ինչ-որ տեղ շատ դյուրին է հաղթահարել քննությունը։ Այս նոր կարգը մի փոքր կմոտեցնի այն իրավիճակին, երբ մարդը, որը կմասնակցի վարորդական քննությանը, և կպատրաստվի քննություններին, վարորդական վկայական ստանալուց հետո երթևեկության մեջ ավելի լիիրավ վարորդ  կլինի և դա հետագայում կօգնի նրանով, որ ինքն իրեն անսովոր չի զգա և օտար չի լինի քաղաքային երթևեկության մեջ»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝  եթե համարենք, որ այս նոր փոփոխությունը  բարդացում է վկայական ստանալու քննությունը, մյուս կողմից դրական է անդրադառնում երթևեկության վրա,  և նոր խնդիրներ չեն ավելանում երթևեկության մեջ, որովհետև, երբ նոր վարորդը սովոր չէ քաղաքային երթևեկությանը, կարող է շատ  լուրջ և կոպիտ սխալներ թույլ տալ, ինչը վատ հետևանքներ կունենա, բնականանաբար ՝ խոսքը ոչ բոլորին է վերաբերվում։   

«Բոլոր ժամանակներում էր մարդկանց ինչ –որ մի հատված ստանում է վարորդական իրավունքի վկայական, բայց երթևեկության մեջ անսովոր է զգում, ինչի արդյունքում խնդիրներ և վթարներ են լինում։ Խախտումներն այդքան էլ կարևոր չեն, եթե իհարկե դրա հետևանքով վթարներ չեն առաջանում։ Փորձը ցույց է տալիս, որ նոր վարորդները հնարավորության դեպքում խախտումները շատ ավելի քիչ են իրականացնում, բայց ընդհանուր երթևեկության  մեջ նրանց անվստահության հետևանքով կարող են խոչընդոտներ և խնդիրներ առաջանալ ընդհանուր երթևեկության համար»,- ընդգծեց նա։

Սերգեյ Ղահրամանյանն ասում է, որ այս փոփոխությունը միտված է նրան, որ ապագա վարորդները, որոնք մասնակցում են քննությանը, ավելի ինքնավստահ լինեն, և իրենց գիտելիքները լիարժեք ցույց տան իրական երթևեկության պայմաններում։

«Այն երկրներում, որտեղ նման ընթացակարգ է, վարորդների մեծամասնությունը նման խնդիրներ է տեսնում իրական երթևեկության պայմաններում, բայց նաև պետք է նշեմ, որ այս իրական երթևեկության պայմանները մի փոքր հարաբերական են․ Հայաստանում կա մեկ տասնյակ  քննական ստորաբաժանում,  և միայն Երևանի ու Կոտայքի մարզում է, որ կա ավտոհրապարակ, մյուսներում՝ չկա, և այնտեղ ելնելով իրավիճակից, որպեսզի մարդկանց տարբեր մարզերից չբերեն Երևան, հնարավորություն  է տրված ավտոհրապարակի քննությունը փոխել գործնական, բայց այնտեղի երթևեկությունը և Երևանի երթևեկությունը տարբեր են։ Մարզերի ՀՔԲ-ները  կարող են լինել ծայրամասերում օրինակ, և այնտեղ րոպեում մեկ մեքենա կարող է անցնել, և այն  համեմատել Երևանի երթևեկության հետ՝ ճիշտ չէ։   Այնտեղ գուցե նշաններ չլինեն, շատ նեղ փողոցներ չլինեն և այլն ։ Իսկ այս երկրորդ գործնական քննությունն ավելի ճիշտ է, և ավելի լավ կանդրադառնա հատկապես Երևանի երթևեկության վրա»,-ասաց նա ։

Ղահրամանյանի դիտարկմամբ՝ հեռավոր մարզերում չգրված օրենք կա, երբ 14-15 տարեկանից երեխաներն արդեն մեքենաներ են վարում։ Իրենք իրենց  տարածաշրջանում կարողանում են վարել, բայց երբ գալիս են Երևան, շատ ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնում, քան կարող էին պատկերացնել․ « Ամեն դեպքում նոր մոտեցումը ներկա և ժամանակից պահանջներին համահունչ է։ Ավտոդրոմում ընդամենը 10 վարժություն է, իսկ իրական երթևեկության մեջ տարբեր պատահարներ կարող են տեղի ունենալ , որտեղ վարորդը պետք է գոնե ձեռնարկի համապատասխան միջոցներ՝  խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ և անվտանգ վարի մեքենան, ինչը տեսուչին հնարավորություն կտա ճիշտ գնահատել գիտելիքները և հասկանալ՝ պատրաստ է տվյալ քաղաքացին լինել վարորդ, թե ոչ»,- եզրափակեց Ղահրամանյանը։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին