Կարևոր իրադարձություններ

Երվանդ Խունդկարյանը ՍԴ է գնում նախագահ դառնալու մտադրությա՞մբ. նոր զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»

31 Հուլիս, 2020 09:15
Երվանդ Խունդկարյանը ՍԴ է գնում նախագահ դառնալու մտադրությա՞մբ. նոր զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու ցանկությունն անակնկալ է եղել շատերի համար: Նրա առաջադրման հարցը քննարկվելու է այսօր Դատավորների ընդհանուր ժողովի նիստում: Երվանդ Խունդկարյանի հավակնությունների ու իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Նկատենք, որ մինչեւ այժմ, որպես դատական համակարգի թեկնածու, նշվում էին Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի անունները, սակայն վերջին պահին փոփոխություններ են եղել, եւ վերջիններս խաղից դուրս են եկել՝ իրենց տեղը զիջելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: Մեր տեղեկություններով՝ Խունդկարյանն ինքնակամ է որոշել առաջադրվել որպես թեկնածու, եւ նաեւ դա է պատճառը, որ իր որոշումն անակնկալ է եղել, ասել է թե՝ չի խորհրդակցել գործընկերների հետ քայլն անելուց առաջ: Միեւնույն ժամանակ դատական համակարգում չեն բացառում այլ զարգացումներ եւս: Բանն այն է, որ այժմ Սահմանադրական դատարանում առկա է ոչ միայն երեք դատավորի թափուր տեղ, այլ այդ կառույցը չունի նաեւ նախագահ, եւ երեք անդամներին Ազգային ժողովի կողմից ընտրելուց հետո բոլոր անդամները պետք է նիստ անեն եւ արդեն իրենց միջից ընտրեն ՍԴ նախագահ:

Հասկանալի է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի պես իրավաբանական գիտելիք ունեցող անձը չէր պայքարի ՍԴ շարքային անդամ լինելու համար, եւ ենթադրվում է, որ հենց նա էլ կընտրվի որպես Սահմանադրական դատարանի նախագահ: Միեւնույն ժամանակ ընդգծենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր հուլիսի 29-ի համարում գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները չեն կարողանում համաձայնության հասնել Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորման եւ Գերագույն դատարան ստեղծելու հարցի շուրջ: Ու հիմա քննարկումներ են ընթանում այն տարբերակի շուրջ, որ Գերագույն դատարան այդպես էլ չի ստեղծվի, քանի որ անիմաստ է այժմ ՍԴ անդամներ ընտրելն ու մեկ տարի անց կառույցը կրկին քանդելը: Հավելենք նաեւ, որ չի բացառվում՝ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ դառնա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը՝ նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը։ Վերջինս «Մարտի 1»-ի գործով կալանավորված մի շարք անձանց գործերով հանդիսացել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազ»:

 

Լրահոս

Դիտել ավելին