Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են մայրերը հրաժարվում նորածիններից․ Ի՞նչ գործառույթներ պետք է իրականցնի պետությունը՝ նման դեպքերից խուսափելու համար

30 Հուլիս, 2020 17:19
Ինչու՞ են մայրերը հրաժարվում նորածիններից․ Ի՞նչ գործառույթներ պետք է իրականցնի պետությունը՝ նման դեպքերից խուսափելու համար

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում նորածնի վաճառքի և նորածնի սպանության դեպքեր են արձանագրվել։ Մի դեպքում՝ կինը երեխային ծննդաբերելուց հետո վաճառել էր երևանաբնակ ամուսնացած զույգերի, երկրորդ դեպքում՝ ծննդաբերությունից հետո կինը երեխային փաթաթել էր տոպրակի մեջ ու նետել աղբամանը, փաստացի սպանելով նորածնին։

Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ։  

Երեխաների իրավունքների և պետության գործառույթների վերաբերյալ  Shabat.am-ը զրուցել է «Վորլդ-Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Աիդա Մուրադյանի հետ։

 

-Տիկի՛ն Մուրադյան, վերջին օրերի ընթացքում աղմկահարույց դեպքերը ինչի՞ հետևանք կարող են լինել։ Արդյո՞ք Հայաստանում երեխաների իրավունքները, այդ թվում՝ նորածինների, պատշաճ կերպով պաշտպանվում են։

- Հայաստանում, ինչպես և աշխարհի բոլոր երկրներում ցավոք սրտի արձանագրվում են  մանկալքության, մանկասպանության դեպքեր։  Հետևանքը կարծում եմ՝  գործի քննությունը ցույց  կտա, թե հոգեբանական ի՞նչ վիճակում է եղել կինը, երբ նման քայլի է դիմել, բայց մի բան ակնհայտ է․ երեխաների պաշտպանության համակարգը կատարելագործման կարիք ունի։ Այն առումով, որ մենք հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ մարդը իր խնդիրների հետ մնում է մենակ, որոշ մարդիկ կարողանում են դա հաղթահարել առանց աջակցող ծառայությունների, որոշ դեպքերում՝ դա անհնար է լինում և մենք նման դժբախտ դեպքերի ականատես ենք լինում։

Բոլոր երեխաներն ունեն պաշտպանության կարիք, առավել ևս՝ նորածինները, իրենց  առավել խոցելի վիճակից ելնելով, և այո՛, երեխաների պաշտպանության համակարգը կատարելագործվելու  կարիք ունի, հատկապես՝ աջակցող ծառայությունների մասով։ Ես երբ ասում եմ երեխաների պաշտպանության համակարգ, այս դեպքում նկատի ունեմ՝ սկսած բուժհաստատություններից, մինչև սոցիալական ծառայությունները, շատ աշխատանքներ ունեն անելու։  Քանի որ այս օղակի մասնագետները ևս պետք է հասկանան՝ ծնողը տիրապետո՞ւմ է ծնողավարման հմտություններին, երեխան ցանկալի՞ է, ի՞նչ է պատրաստվում անել երեխայի ծնունդից հետո։ Այս պարագայում, ։ վստահ եմ՝ որոշակի ազդակներ կլինեն և հղիության ընթացքում հնարավոր կլինի կանխել նման դժբախտ դեպքերը։

-Նորածնի վաճառքի դեպքերը բացառելու համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։

-Երբ խոսում ենք նորածինների վաճառքի մասին, կհիշեք, մի քանի ամիս առաջ էլ դեպքեր բացահայտվեցին, երբ մեծ թվով երեխաներ ապօրինի կերպով վաճառվել էին օտարերկրացիների, քրեական գործեր հարուցվեցին և այլն։ Պետք է տարանջատել, որ մի դեպքում երեխայի վաճառքն իրականացնում է ծնողը, այսինքն ֆիզիկական անձը  հանցավոր համագործակցության մեջ է մտնում մեկ այլ անձի հետ, և երեխային վաճառում է, մյուս դեպքում՝ այլ է իրավիճակը, երբ կա երրորդ կողմը, որը պետությունն է։ Ինչ վերաբերում է երեխաների վաճառքին՝ այդ վերահսկող ծառայությունների անելիքներն են՝ սոցիալական , առողջապահական ծառայություններ,  ովքեր պարտավորված են հղիության ընթացքում և հետծննդաբերության ժամանակ աջակցել ծնողին։ Սոցիալապես անապահով ընտանիքներում ռիսկերն առավել բարձր են, և այս ընտանիքներն առավել ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Միայն այս ծառայությունների հզորացման միջոցով է հնարավոր կանխել կամ նվազեցնել նման դեպքերի քանակը՝ Հայաստանում ։

-Ի՞նչ գործառույթներ պետք է իրականցնի պետությունը՝ նման դեպքերից խուսափելու համար։ Արդյո՞ք այդ ոլորտի պատասխանատուները պետք է վերապատրաստումներ անցնեն, առավել արդյունավետ աշխատելու համար։

-Ես մի փոքր վերապահումով եմ մոտենում այդ թրեյնինգներ կոչվածին, եթե մարդ ունի ցանկություն, մասնագիտական որոշակի հմտություններ, որոշակի բազա, վերապատրաստումները նման մասնագետների հետ իմաստ ունեն, բայց մենք ունենք դեպքեր, երբ տարիներ շարունակ վերապատրաստումներ են իրականացվել որոշ օղակների հետ, եթե կոնկրետ մի օղակի մասին խոսենք՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք այսօր երեխաների պաշտպանության պատասխանատու մարմիններն են, բայց ոչ միշտ է, որ մասնագետներ են աշխատում, իհարկե բացառություններ լինում են՝ հանձանժողովների կազմերում, չեմ խոսում՝ հեռավոր մարզերի մասին, քանի որ Երևանում անգամ դա խնդրահարույց է։  

Եթե մենք ունենք ոչ կոմպետենտ մարդիկ, վերապատրաստումները վստահ եմ՝  չեն փրկի իրավիճակը, որովհետև վերապատրաստումները պետք է լինեն նախադրյալների դեպքում, երբ նախադրյալները չկան, որևէ վերապատրաստում չի կարող իրավիճակը փրկել։

Ինչ վերաբերվում է համակարգին՝ տարբեր օղակների փոխկապակցվածության հարցն է պետք քննարկել։  Քիչ առաջ նշեցի՝  այն օղակներին, որոնք անելիքներ ունեն, երբ տեսնում են, որ ազդակներ կան, որոնք ռիսկեր են պարունակում, այդ մասին հաղորդեին սոցիալական աշխատողին, կամ եթե սոցաշխատողն է բացահայտել ռիսկերը, դիմեր տեղամասային բուժկենտրոնին, այս համագործակցությունն է մեզ պակասում։ Այս հարցում իհարկե, տուժող օղակը երեխաներն են, ոչ միայն այս դեպքերում, այլև շատ այլ դեպքերում։ Որովհետև այդ նույն խնամակալության և հոգաբարձության մարմիններն այսօր ունեն իրենց վերապահված 40-ից ավելի լիազորություններ՝ երեխաների պաշտպանության հարցերով, և հնարավոր է ՝ օրենսդրական մակարդակում դա կա, բայց պետք է հասկանալ, թե իրականացնողները որքանով են կոմպետենտ, որքանով է աշխատանքային միջավայրը ձևավորված, որ այդ համագործակցությունը տեղի ունենա։ Մենք՝ որպես երկիր, այս համակարգում պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք։

- Երկրորդ դեպքում՝  երեխան սպանվել է, արդյո՞ք այս պարագայում «մեղավորը» միայն կինն է։

-Իրականում՝ այս գործի քննությունը ցույց կտա, թե ով է մեղավորը, քանի որ մակերեսային տեղեկատվություն ունենք գործի մասին, թե ինչ է տեղի ունեցել և իսկապես քննությունը ցույց կտա, թե ովքեր են մեղավորները, բայց մի քանի հանգամանք կա, որ ազդում է այդ ամենի վրա․ առաջինը՝ առհասարակ ծնողական «դպրոցի», ծնող դառնալու, դրա հետևանքների, ռիսկերի մասին գրեթե ոչ մի տեղ ամրագրված չէ։ Որոշ մարդիկ գրականություն են կարդում, մյուսները՝ տեղեկացված չեն լինում։ Կարծում եմ՝ գոնե մինիմալ գիտելիքներ ապահովելու համար պետք է այն որևէ ծրագրով իրականացվի։ Որոշ դեպքերում մենք ականատես ենք լինում, որ ծնողավարման հմտությունների բացակայությունը բերում է անդառնալի հետևանքներ, երեխաների կյանքի վրա բացասական ազդեցություն է թողնում։

Այս դեպքի պատճառները ևս կարող են տարբեր լինել, սկսած՝ սոցիալականից, մինչև անձնական, այդ թվում՝ հոգեկան խնդիրներ կարող էին լինել, որի մասին տեղյակ չենք։ Մեծ է նաև բնականաբար միջավայրի աջակցությունը, որը կարող է լինել աջակցող։  Այս դեպքում, մարդն իրեն մենակ չի զգում ստեղծված իրավիճակում, որովհետև ունի ընկերներ, բարեկամներ։ Կարող է լինել նաև հակառակը՝ ճնշման, հասարակության ազդեցության ներքո մարդը կարող է նման քայլերի դիմել։

- Հնարավո՞ր համարում եք, որ  կինը ծննդաբերելուց հետո գուցե հոգեբանական  աջակցության կարիք ուներ։

- Ես կարծում եմ, որ եթե աշխատանքային պայմաններում է եղել, հավանաբար անցանկալի հղիություն է եղել, և չի ցանկացել բուժհաստատություն դիմել, այնտեղ ծննդաբերել, քանի որ գուցե չի ցանկացել, որ դրա մասին իմանան։ Վստահ եմ, որ հոգեբական աջակցության կարիք ունեցել է։  Խորությամբ պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե որն է եղել դրդապատճառը նման քայլի դիմելու համար։

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին