Կարևոր իրադարձություններ

Նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի բաց չունի․ Ալինա Նիկողոսյան

30 Հուլիս, 2020 15:15
Նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի բաց չունի․ Ալինա Նիկողոսյան

Հայաստանում վերջին օրերին արձանագրվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի նվազման միտում։ Չնայած այս հանգամանքին, հանրության  մոտ կարծիք է ձևավորվել, որ Հայաստանը ոչ թե հաղթահարում է կորոնավիրուսն ու ինչպես այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը», այլ՝ առողջապահության  համակարգում դեղորայքի և թեստերի պակաս կա։

«Առողջապահության նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի պակաս ընդհանրապես չունի։ 14 օրյա ինքնամեկուսացումից հետո թեստավորում չկատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ուղեցույցներն են դա թելադրում։ Դրա կարիքը չկա, քանի որ մարդը 14 օր հետո, եթե չունի ախտանշաններ և չի հայտնվել հիվանդանոցում, ինքը համարվում է առողջացած։ Նույնիսկ եթե հնարավոր է դրական լինի արդյունքը, դա արդեն տեղամասային պոլիկլինիկայի բժշկի հետ համագործակցելով որոշում են հետագա քայլերը։ Նախարարությունը թեստերի և անհրաժեշտ դեղորայքի բաց չունի»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով լրատվական կայքերում հրապարակված «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հոդվածին, որտեղ վերջինս նշել էր․ «Գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա ․․․որոշ մասնագետներ մտահոգություն են հայտնում, որ հիվանդանոցներում դեղերը վերջանում են կամ խնայում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 259 նոր դեպք և 542 առողջացած։ 

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին