Կարևոր իրադարձություններ

Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով

30 Հուլիս, 2020 15:10
Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով

2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև՝ վնասել տեղակալի ձեռքը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել է նախկին գյուղապետի և նրա կողմնակիցների հետ: Տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ կողմերն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով հարվածներ են հասցրել միմյանց և մարմնական վնասվածքներ պատճառել: Պարզվել է նաև, որ նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը քարերով հարվածներ է հասցրել և վնասել տեղակալի կողմից վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. 
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին