Կարևոր իրադարձություններ

Պարետը՝ սահմանների բացման և սահմանափակումների վերացման հնարավորության մասին

29 Հուլիս, 2020 18:55
Պարետը՝ սահմանների բացման և սահմանափակումների վերացման հնարավորության մասին

Առաջիկայում զբոսաշրջության համար այլ երկիր մեկնելու հնարավորություն չի լինի։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը հիշեցրեց, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը՝ նշելով, որ ներկայում քննարկվում են ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով կառավարման տարբերակները, իհարկե, կախված նրանից, թե ինչպիսի համաճարակային պատկեր կլինի Հայաստանում:

«Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,-ասաց պարետը։

Ավինյանը նաև նշեց, որ կլինի չարտերային չվերթների ավելացում, մասնավորապես հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է իրականացնում «էյր Ֆրանսը», օգոստոսին նախատեսվում է «Այսլանդ էյր» ավիաընկերության կողմից երեք չարտերային չվերթ Լոս Անջելես- Երևան ուղղությամբ:

Նա նշեց, որ համավարակի կառավարման պլան է մշակվում, և հաշվի առնելով այն փաստը, որ այժմ համավարակի համեմատաբար կայուն վիճակ է՝ քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտները վերաբացելու հնարավորությունն ու դրանց հետ կապված կանոնները։

«Վերջին 5 ամիսները մեզ համար եղել են պայքարի, մեր սկզբունքների վերարժևորման, նաև դժվարությունների հաղթահարման, մեծ ու փոքր հաջողությունների ամիսներ: Համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, տնտեսվարողների կողմից կանոնների պահպանումն իրենց արդյունքը տալիս են, ուստի զգոնությունը և կարգապահությունը պետք է շարունակական կարևորվեն»,- նշեց Ավինյանը։:

 

Լրահոս

Դիտել ավելին