Կարևոր իրադարձություններ

«Ինչու է աղմկում գրականագետը»․ Պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ գրականության նոր չափորոշչի և ծրագրում իր «դերակատարության» մասին

29 Հուլիս, 2020 16:43
«Ինչու է աղմկում գրականագետը»․ Պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝  գրականության նոր չափորոշչի և ծրագրում իր «դերակատարության» մասին

Հանրակրթական դպրոցում գրականության դասավանդման նոր չափորոշիչների նախագիծը օրեր առաջ ԿԳՄՍ նախարարության  կողմից հանրային քննարկման ներկայացվեց։ Նագիծը մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ գրականագետների շրջանում։

Այսօր մամուլը գրել էր, թեԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի «Մատը խառն» է այս թեմայում։

Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է Թագուհի Ղազարյանի հետ։

 -Տիկին Ղազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ ցանկում ներառված գրողները ձեր ընկերներն են։

 -«Գրականություն» առարկայի չափորոշիչներում ներառված գրականության ցանկերում կան ժամանակակից հեղինակներ, որ մտերիմ ընկերներս են, կան այնպիսիք, որ պարզապես ծանոթներ են, և այնպիսի հեղինակներ, որոնց ճանաչում եմ, բայց շփում չեմ ունեցել։ Ես կյանքիս շուրջ տասը տարին նվիրել եմ գրականությանը, որի անբաժանելի մասն է ժամանակակից գրականությունը, ես հրապարակվել և տպագրվել եմ գրեթե բոլոր գրական կայքերում և գրական տպագիր մամուլում, գրական շրջանակում՝ թե՛ գրականագետների, թե՛ գրողների պարագայում, թե՛ իմ սերնդակիցների, թե՛ ավագների շրջանում, դժվար է այսօր գտնել այնպիսի մեկին, որի հետ անձնական շփում չունենամ։ Եթե այդ անառողջ տրամաբանությամբ շարժվենք, գրական աշխարհը պետք է պարալիզացվի, քանի դեռ ես քաղաքականությամբ եմ զբաղվում։

 Ես մասնագիտությամբ գրականագետ եմ, բոլոր գրողներն էլ իմ ընկերներն են, իսկ ամենամտերիմ ընկերս Չարենցն է։)

- Ի՞նչ հարաբերություններ ունեք արձակագիր Գրիգի հետ։

-Գրիգն իմ ընկերն է։

- Որպես գրականագետ ի՞նչ առաջարկություններ եք արել վերջին օրերին ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարկված Հանրակրթության Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի մշակման աշխատանքային խմբին։

-Չափորոշիչներում  նախատեսված գրականության ցանկին ծանոթանալուց հետո ինձ մոտ նախ հարցեր են առաջացել, որոնց պատասխանել է հանձնաժողովը։ Առաջին հարցը, բնականաբար, բանահյուսության մասին էր, որը, պարզվեց, այլ դասագրքերում է ներառված՝ ավելի վաղը տարիքում «Մայրենի»-ում և «Ես և իմ հայրենիքը» անվանմամբ նոր առարկայում։ Երկրորդը հարցս հին և միջնադարյան գրականությանն է վերաբերվել, որի շուրջ հանձնաժողովը մեկնաբանել է, թե խնդիրը զուտ տեխնիկական է և առայժմ քննարկում է գնում միայն այն հարցի շուրջ, թե արդյոք երեխաները ավագ թե՞ միջին դպրոցում պիտի ուսումնասիրեն այդ հեղինակներին, բայց որ հեղինակները լինելու են, ինձ հավաստիացրին։

Ինձ մոտ հարց էր առաջացել նաև ավելի ուշ այդքան աղմուկ հանած «հայ» բառի շուրջ, լսել եմ հանձնաժողովի՝ ձեզ արդեն հայտնի մեկնաբանությունը, և ինձ այն տրամաբանական է թվացել։ Մեկ այլ հարց էլ առաջացել էր ռուս հեղինակների հետ կապված, ինձ ասացին, որ ռուս գրականությունը նախատեսված է ռուսաց լեզվի հետ բնագրերով ուսումնասիրել։ Կարծեմ՝ այսքանը։

Ինչ վերաբերում է ֆորմալ առաջարկներին, հանձնաժողովին ներկայացրել եմ մի քանի տասնյակ հեղինակների անուն, որ կարծել եմ, թե պետք է ավելացվեն պարտադիր գրականության ցանկում, սակայն նշել եմ, որ դրանք կարող են լինել և պայմանական անուններ, քանի որ խնդիրն ավելի շատ ռազմավարական է։ Իմ առաջարկում նշված բոլոր հեղինակները եղել են կին և սփյուռքահայ հեղինակներ, որովհետև ի սկզբանե ամենամեծ բացը հենց այս երկուսն եմ համարել (և շարունակում եմ համարել)։ Առաջին տարբերակում, եթե հիշում եք, հայ կին հեղինակներից միայն մեկ անուն կար՝ Սիլվա Կապուտիկյան, իսկ սփյուռքյան հեղինակներից՝ Զահրատը։ Նոր՝ լրամշակված ցանկում տեղ գտած գրեթե բոլոր կին և սփյուռքահայ հեղինակները եղել են նաև իմ առաջարկներում, վստահ եմ՝ այլ քաղաքացիների առաջարկներում ևս։ Օրինակ՝ ութերորդ դասարանի պարտադիր ցանկում նոր ավելացված Սրբուհի Տյուսաբն ու Հակոբ Մնձուրին իմ առաջարկների ցանկում եղել են։ Ես լիահույս եմ, որ այս հարցերը դեռ կվերանայվեն։

- Ձեր կարծիքով ինչու՞ աղմուկ առաջացավ վերոնշյալ ծրագրի շուրջ։

-Այն, ինչ Դուք աղմուկ եք անվանում, ես կանվանեի հնչեղ քննարկում։ Այս քննարկման հիմքում շատ պատճառներ կան, որոնց բազմիցս անդրադարձել եմ։ Իհարկե կան մարդիկ, որոնք իսկապես աղմկում են և միայն այն պատճառով, որ կորցրել են գրականության դասագրքի մենաշնորհը։ Մարդիկ կան, որ վերջին քսան տարին զբաղվել են գրականության դասագրքի բիզնեսով․ եթե ուսումնասիրեք, եթե նստեք ու պարզ հաշվարկ կատարեք, թե քանի գրականության գիրք կվաճառվեր քսան տարվա ընթացքում, գուցե նաև պարզ լինի, թե «ինչու է աղմկում գրականագետը»։

Բայց ամենակարևորն այն է, որ այս քննարկման և քննադատության մաս են կազմում նաև ազնիվ, պարկեշտ, սրտացավ մարդիկ և մասնագետներ, որոնց դիտողություններն ու առաջարկները միայն ավելի լավը կդարձնեն փաստաթուղթը։ Հանրային քննարկումը հենց նրա համար է, որ հնչեն բոլոր հնարավոր տեսակետներն ու առաջարկները։

 Ի վերջո, այս բոլոր քննարկումների հիմքում ընկած է այն գիտակցումը, որ որևէ փաստաթուղթ Հայաստանում այլևս ձևական բնույթ չի կրում, և դրանք պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկել, քանի որ անմիջական ազդեցություն են ունենալու բոլորիս կյանքի հետ։ 

Թեմայի վերաբերյալ կարող եք ընթերցել ՝ Մովսես Խորենացի, Մեսրոպ Մաշտոց և մի շարք այլ հեղինակներ չե՞ն դասավանդվելու․ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը

Մարիամ Մելքումյան

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին