Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման, Թուրքիայի սպառնալիքների, ռուսական աջակցության մասին

28 Հուլիս, 2020 17:45
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման, Թուրքիայի սպառնալիքների, ռուսական աջակցության մասին

Ռուսական РБК լրատվամիջոցի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հավանականությունը մեծ էր և այժմ էլ կա հավանականություն պատերազմի, քանի որ կան երկրներ, որոնք սրում են կոնֆլիկտը: Նա պատասխանել է վերջին ռազմական բախման ժամանակ պատերազմի հավանականության մասին հարցին և նշել է, որ շահագրգիռ երկրներից առաջինը Թուրքիան է, որն այդպես էլ չի հրաժարվել հայերին ցեղասպանելու մտքից՝ ոչ միայն չընդունելով Ցեղասպանությունը, այլ նաև արդարացնելով այն:

«Թուրքիան երազանք ունի՝ կառավարել ամբողջ Հարավային Կովկասը և ամբողջ ծավալով աշխատում է՝ այդ ցանկությունը իրականություն դարձնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Ռուսաստանի Դաշնության դերի մասին խոսելիս էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունն իր մեծ ներդրումն ունի հակամարտության կարգավորման շուրջ մղվող ջանքերում և այս վերջին զինված հարձակման հարթեցման գործում նույնպես Կրեմլն ունի իր ավանդը: 

«Կրեմլի, ՌԴ արտաքին գործերի նախարարության, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի անմիջական ներգրավվածությունն առանցքային դեր է ունեցել այն բանի համար, որ մենք ունենանք համեմատաբար կայուն իրավիճակ: Իհարկե, շատերը Հայաստանում եւ բազմաթիվ հայեր հարց են հնչեցնում, թե ինչու Թուրքիան՝ որպես Ադրբեջանի գործընկեր, նման բուռն աջակցություն է հայտնում Ադրբեջանին, իսկ Ռուսաստանի դաշնությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, ոչ այնքան միանշանակ է աջակցում Հայաստանին: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է հանդիսանում, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»,-ասել է ՀՀ վարչապետը:

«Դուք չե՞ք կարծում, որ Ռուսաստանը կարծես հետ է քաշվել հակամարտության միջամտությունից». Իլյա Դորոնովի այս հարցին վարչապետը բացասական պատասխան է տվել՝ նշելով. 

«Ոչ իհարկե, Ռուսաստանը պարզապես չի կարող հետ քաշվել: Այստեղ կան ոչ միայն Հայաստանի համար էական նշանակության հետաքրքրություններ, այլև Ռուսաստանի Դաշնության համար կենսական կարևորության հետաքրքրություններ: Մենք այս հարցում ունենք համատեղ հետաքրքրություններ, ինչը, կարծում եմ, հիմքային նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար:

Այստեղ խաղարկվում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ անվտանգության մասին հարց: Մեր տարածաշրջանում իրավիճակը հիմա այնքան լարված է, որ ղարաբաղյան հակամարտության սրումը կարող է տարածաշրջանում անդառնալի հետեւանքներ թողնել՝ հանգեցնելով գլոբալ ողբերգության: Եվ ահա, վերջին իրադարձությունների մասին միջազգային հանրության արձագանքն ապացուցում է, որ բոլորն են հասկանում՝ այս տարածաշրջանից կարող է սկսվել գլոբալ հակամարտություն եւ կան ուժեր, որոնք հետաքրքրված են այդ կոնֆլիկտով ու եթե նայենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Լիբիայի, Սիրիայի, Իրաքի նկատմամբ, կարող ենք  փաստել, որ իրենք են հետարքրված հակամարտության հրահրմամբ»:

Ի պատասխան հարցին, թե ովքեր են ներառվելու նշված գլոբալ հակամարտության մեջ՝ վարչապետը հայտարարել է, որ բոլոր երկրները: Նա մանրամասնել է, որ Հայաստանի համար, մասնավորապես, պաշտպանական առումով դիտարկելիս, հուլիսի 12-ից տեղի ունեցածը լոկալ բախում էր, ինչին եղավ լայն միջազգային արձագանք:

Լրագրող Իլյա Դորոնովը, վերադառնալով Ռուսաստանի թեմային, հայտնել է, որ շատերը Ռուսաստանում կարծում են, որ ՌԴ-ի արձագանքն ու միջամտությունը կարող էր ավելի մեծ լինել, եթե Հայաստանը ճանաչեր Ղրիմը: Նա հետաքրքրվեց, թե ինչու՞ Հայաստանը չի ճանաչում Ղրիմը:

«Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, որովհետեւ պաշտոնական և ոչ պաշտոնական հարթակներում այդ հարցը երբեւէ չի բարձրաձայնվել: Մինչ օրս Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ կարծում եմ, այս համատեքստում տեղին չէ  նման հարց տալը: Ես չեմ կարծում, որ մեր ռազմավարադաշնակցային հարաբերությունները սրա վրա են հիմնված»,-պատասխանել է վարչապետը:

Այս հարցից հետո Դորևոնովը հետաքրքրվել է, թե ՀՀ վարչապետը կարդացե՞լ է Մարգարիտա Սիմոնյանի (RT-ի գլխավոր խմբագիր) գրառումը: Բացասական պատասխան ստանալուց հետո, նա ընթերցել է գրառումը:

«Ղրիմի մասին ես արդեն խոսեցի, մենք ասում են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, որից հետո Ադրբեջանում հիստերիկա սկսվեց: Փաստ է, որ Հայաստանն է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Հայաստանի հակամարտության լուծման իր պատկերացումներն ունի, Ադրբեջանը՝ իր»,- ի պատասխան ասել է Փաշինյանը:

Նա փաստել է, որ Սիմոնյանի գրառումը «հսկայական բացասական արձագանք է առաջացրել հայկական շրջանակներում»: «Ռուսաստանում պետք է արձանագրեն, հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը ոչ Փաշինյանն է, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը․ Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը հայ ժողովուրդն է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Շատ գործիչներ տևական ժամանակ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից։ Սակայն այդ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին անհատներ, գործարարներ, ընտանիքներ կամ քաղաքական գործիչներ: Այդպես է, քանի որ մենք (Ռուսաստանն ու Հայաստանը) ընդհանուր ռազմավարական շահեր ունենք, որոնք կախված չեն Փաշինյանից ու Պողոսյանից», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև անդրադարձել է հարցին՝ ի՞նչ անել, որ երկկողմ հարաբերություններում նման հարցեր չծագեն «Հայաստանը պետք է հաշվի նստի Ռուսաստանի և ռուս ժողովրդի զգացմունքների ու նպատակների հետ, Ռուսաստանում էլ մեր գործընկերները և ռուսաստանցիները պետք է հաշվի նստեն հայ ժողովրդի զգացմունքների և ցանկությունների հետ»:

Փաշինյանը հիշեցրել է նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո հնչող կանխատեսումները, թե Հայաստանը կգնա դեպի Արևմուտք, Արևելք և այլն: «Հայաստանը ոչ մի տեղ էլ չգնաց և շարունակում է մնալ այնտեղ, որտեղ կար», - եզրափակել է Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին