Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Վերջ կդրվի փողոցային առևտրին․ չսահմանված վայրում առևտուր անելու համար ապրանքը կառգրավի․ նոր նախագիծ

28 Հուլիս, 2020 12:01
Վերջ կդրվի փողոցային առևտրին․ չսահմանված վայրում առևտուր անելու համար ապրանքը կառգրավի․ նոր նախագիծ

Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է չսահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում վաճառվող ապրանքն առգրավել, այնուհետև դրանք իրացնել համայնքի կողմից։ Այն վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մնացած մյուս համայնքներին։ Նախագիծն արդեն ներկայացվել է քննարկման։

«Այս նախագծով առաջինը հարված կլինի աշխատատեղերին։ Դա փոքր բիզնես է համարվում։ Ես համակարծիք եմ, որ Երևանը ու մյուս համայնքները պետք է բարեկարգ լինեն, բայց պետությունը դրան հասնելու համար պետք է ստեղծի պայմաններ, ոչ թե մահակներով ընկնի գյուղացիների հետևից։ Եթե պայմանները չեն ստեղծում, ապա նպատակահարմար չէ գյուղացիներին հանել մայթերից»։ Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Նախորդ շաբաթ, երբ Կասյան փողոցում գտնվող գյուղմթերքի շուկայի վաճառողները բողոքի ակցիա էին իրականացրել, Կոմիտասի շուկայի տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել տարածք գյուղացիներին՝ իրենց ապրանքները իրացնելու համար։ Անդրադառնալով այս հարցին, Բերբերյանն ասաց․ «Կասյանի տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչներին, գուցե խանգարել է, այդ դեպքում շուկան պետք է տեղափոխել բարեկարգ, վերանորոգված մի այնպիսի տարածք, որը ոչ ոքի չի խանգարի, բայց չեմ հիշում նման դեպք, որ բնակիչները բողոքեն։ Կոմիտասի շուկան սովորաբար հագեցած է լինում, այս տարի հագեցած չէր, որովհետև բավարար գյուղմթերք չկար։ Եթե ներդրումներ անեն տարածքի համար, իհարկե կարող են տեղափոխել։ Առանց լուրջ առաջարկ անելու նման քայլի գնալը ճիշտ չէ։ 

Գումի շուկայում ևս նման իրավիճակ էր ստեղծվել, մայթերն ազատվեցին մթերքներից, փոխարենը՝ Գումի շուկայի ներսում տրամադրվեց տարածք, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապրանքը վաճառել»,- նկատեց Բերբերյանը։

 

Նշենք, որ նախագծի համաձայն, եթե ապրանքների սեփականատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ, վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաեւ այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապա ապրանքները մինչեւ վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվում է տվյալ գործով կայացված վարչական ակտով դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո:

Իսկ եթե եռօրյա ժամկետում գումարը չի վճարվել, ապա  փչացող  ապրանքներն իրացվում են տվյալ համայնքի ղեկավարի կողմից:  Ապրանքների իրացման արդյունքում  գոյացած գումարը փոխանցվում է համայնքի հաշվին ու տնօրինվում միայն տվյալ գործով կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո:

Ապրանքը վերցնելուց  առաջ իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձին բանավոր պահանջ է ներկայացվում անհապաղ դադարեցնել իրավախախտումը և տրամադրել ինքնությունը հաստատող փաստաթուղթ՝ նախազգուշացնելով, որ տվյալ պահանջը չկատարելու, ինչպես նաև իրավախախտումը շարունակելու դեպքում վերը նշված առարկաները ենթակա են վերցման:

Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:

Արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն այն ծանոթացնում է գործողության մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո այն ստորագրում են և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները: Եթե մասնակիցներից մեկը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ ապրանքն այդ պահին տիրազուրկ է կամ իրավախախտում կատարած անձը հրաժարվել է ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ապա այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում: Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները, գործիքներն ու միջոցները վերցնելու գործընթացը կարող է տեսանկարահանվել կամ տեսաձայնագրվել դրանք վերցնող պաշտոնատար անձի կողմից, ինչի մասին նույնպես նշում է կատարվում արձանագրությունում, իսկ տեսանկարահանման կամ տեսաձայնագրման նյութերը, ինչպես նաև իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ բանավոր պահանջ ներկայացնելու ընթացքի տեսաձայնագրությունը հետագայում փաստաթղթային, էլեկտոնային կամ այլ կրիչով կցվում են վերցնելու մասին արձանագրությանը:

Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը, իսկ առձեռն ստանալուց հրաժարվելու դեպքում կարող է առաքվել փոստով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ   ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա առևտրի և առհասարակ առևտրի իրականացման հետ կապված առկա չեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան նշված գործունեությունն իրականացնել որոշակի կանոնակարգումներին և ընթացակարգերին համապատասխան։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առևտրի իրականացման գործունեությունը և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առևտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:

 

Մարիամ Մելքումյան 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին