Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

27 Հուլիս, 2020 18:53
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության, մանկական վերականգնողական բժշկական օգնության մատչելիության բարելավման, մարզերում որակյալ բուժօգնության ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ընթացիկ աշխատանքների մասին, որոնք վերաբերում են առողջության համապարփակ բժշկական ապահովագրությանը, 2019թ. վերջին ստեղծված՝ Տուբերկուլոզի կառավարման 2021-2025թթ. ազգային ծրագրի նախագծի մշակմանը, ՀՀ-ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայմանը: Առողջապահության նախարարը նշել է, որ ընթացիկ աշխատանքների շարքում մշակման փուլում է գտնվում «2021-2023 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագիրը, Իմունականխարգելման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախարարը զեկուցել է, որ 2019-ի հունվարից, իսկ հուլիսից` ընդլայնվելով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններից։ 2020-ի հունվարից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է չսահմանափակվող բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Սահմանված կարգով կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագրեր:

2019-ի հունվարից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջովին իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում դիմելիությունն ավելացել է 3,4 անգամ:

2019-ի հուլիսից 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Նախկինում այն իրականացվում էր համավճարային սկզբունքով: Ծրագրի մեկնարկից առ այսօր կատարվել է 1024 սեանս:

2020-ի ապրիլից պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը դարձել է «28.01», նախկին «30.01»-ի փոխարեն:

Սրտի անհետաձգհելի վիրահատական անվճար ծառայություններն անվճար իրականացնելու արդյունքում պետպատվերի շրջանակում վիրահատությունների ծավալն ավելացել է 22 տոկոսով:

2020-ի մարտից բարելավվել է հղիների նախածննդյան հսկողությունը, ընդլայնվել է բարձր ռիսկի հղիների հետազոտությունների շրջանակը, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում` ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով:

2020-ին պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ, որի շնորհիվ 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը:

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թ-ի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել են 12 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությանը և նշել, որ այն գտնվում է մշակման փուլում և առաջիկայում կներկայացվի վարչապետի աշխատակազմ:

Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել Առողջապահության նախարարության գործունեության արդյունքներից և նշել, որ ոլորտում առկա խնդիրները ռազմավարական են և դրանց լուծումը պետք է տրվի վերը նշված ռազմավարության ընդունմամբ ու դրանով նախատեսված միջոցառումների իրականացմամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահության առաջնային օղակի արդյունավետության բարձրացման, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, առողջապահական համակարգում էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակին և այդ ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին