Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Արցախի Հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը

27 Հուլիս, 2020 16:42
Արցախի Հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պարետի փոփոխությանը և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների խստացմանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով` դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի լիազորությունները և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

Նախագահի խոսքով՝ պարետի փոփոխության որոշումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ առաջիկայում Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գ. Մարտիրոսյանին համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացրած գերազանց աշխատանքի համար: Միաժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ Ժ. Միրզոյանի նշանակումը պարետի պաշտոնում պատահական չէ. նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության արդյունքում կհաջողվի հաղթահարել համավարակի հետ կապված մարտահրավերները:

Պատկան մարմինների ղեկավարների համապատասխան զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները, մասնավորապես՝ խիստ վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում՝ տուգանել և սահմանափակել դրանց գործունեությունը: Առաջիկայում պարետի որոշումներով մի շարք նոր սահմանափակումներ կլինեն նաև սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար:

«Հանրապետությունում այս պահի դրությամբ փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդ 61 անձից 42-ը մայրաքաղաքից են, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է: Պետք է նշեմ, որ պետական ու մասնավոր հատվածների այն բոլոր ներկայացուցիչները, ովքեր չեն հետևի պարետի ցուցումներին ու չեն պահպանի անվտանգության կանոնները, կենթարկվեն խիստ պատասխանատվության»,- շեշտել է նախագահը:

Երկրի ղեկավարի հանձնարարականով հանրապետության բուժհաստատությունները կանցնեն իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին, կվերսկսվեն պլանային բուժումները, և այդ համատեքստում կսահմանափակվի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող քաղաքացիների ելքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին