Կարևոր իրադարձություններ

Եթե քաղաքապետարանն ունենա բավարար հավաստիացումներ, որ դա 4-րդ կարգի վթարային շենք է, այդ շենքի բնակիչները կներառվեն ծրագրի մեջ․ Քաղաքապետի խոսնակն արձագանքում է վարդաշենցիների բողոքին

27 Հուլիս, 2020 14:50
Եթե քաղաքապետարանն ունենա բավարար հավաստիացումներ, որ դա 4-րդ կարգի վթարային շենք է, այդ շենքի բնակիչները կներառվեն ծրագրի մեջ․ Քաղաքապետի խոսնակն արձագանքում է վարդաշենցիների բողոքին

Վարդաշեն համայնքի մի խումբ բնակիչներ այսօր՝ հուլիսի 27-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենք ապրում են չորրորդ կարգի վթարային շենքում, որը վտանգավոր է։  Ցուցարարները պահանջում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչպես կարող են խնդրին լուծում տալ։

«Չգիտեմ մեղադրանքներն ինչի համար են, համենայնդեպս, քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր ունի և այդ ծրագիրը շարունակաբար իրագործվում է։ Մեկ  շենք անցած տարի հանձնվեց շահագործման, մեկ շենք՝ օրեր առաջ, որտեղ 64 ընտանիքներ տեղափոխվեցին։ Այդ ծրագիրը շարունակական է»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանը նշեց, որ առաջիկայում ևս մեկ շենքի կառուցման աշխատանքները կսկսվեն, սակայն դեռևս հստակ չէ, թե որ շենքի կամ քանի ընտանիքի, քանի բնակարան հնարավոր կլինի այդտեղ տեղավորել։

«Կոնկրետ Վարդաշենի հետ կապված գիտեմ, որ վիճելի էր և քաղաքապետարանը չի որոշում դա 3-րդ թե 4-րդ կարգի վթարային շենք է, եթե քաղաքապետարանն ունենա բավարար հավաստիացումներ, որ դա 4-րդ կարգի վթարային շենք է, ըստ այդմ՝ այդ շենքի բնակիչները կներառվեն ծրագրի մեջ, ոչ մի խնդիր այդտեղ չկա։ Քաղաքի բոլոր բնակիչները նույն իրավունքներն ունեն»,-ասաց Կարապետյանը։

 Մեր հարցին, թե քանի այդպիսի  վթարային շենքեր կան, որոնց բնակիչները վերաբնակեցման կարիք ունեն և նոր բնակարաններ պետք է ստանան, Կարապետյանն ասաց․ «Առնվազն 3-4 շենքի մասին է խոսքը՝ այս պահի դրությամբ»։

 

 Մարիամ Մելքումյան

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին