Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի մրգի շուկաները սահմանային բախումներից 2000 մղոն հեռու նոր ռազմադաշտ են դարձել. The Guardian

26 Հուլիս, 2020 16:23
Մոսկվայի մրգի շուկաները սահմանային բախումներից 2000 մղոն հեռու նոր ռազմադաշտ են դարձել. The Guardian

The Guardian պարբերականն անդրադարձել է Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ ազգությամբ ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հայկական ապրանքներով բեռնված ֆուռերի դուրս հանման աղմկահարույց դեպքին: Պարբերականը գրում է, որ տեղեկանալով «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարության որոշման մասին՝ հայազգի գործարար Սարիբեկ Գևորգյանն անմիջապես գործի է անցել՝ ժամանակավորապես անվճար տարածք տրամադրելով հայկական ծիրան վաճառողներին: «Այսպիսով՝ նա օգնեց իրականացնել մրգի փրկության առաքելությունը, որը ստացավ «Օպերացիա Ծիրան» անվանումը: Աղբյուրը հիշեցնում է, որ մոսկովյան զարգացումներին նախորդել էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, որոնք դարձել են տասնյոթ մարդու մահվան պատճառ: 

«Հետցնցումները տարածվել են աշխարհով մեկ և ուժգին բախումներ առաջացրել ԱՄՆ-ում, Եվրոպայում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև փոքրամասշտաբ տնտեսական պատերազմի պատճառ դառնալով Մոսկվայում»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայկական պետհամարանիշերով մեքենայի վրա հարձակումն ու հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ հարձակումը:

Վերադառնալով ծիրանի թեմային՝ աղբյուրը նշում է, որ հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ առցանց հարթակներում հազարավոր հետևորդների կոչ են արել գնել ծիրանը, որպեսզի մթերքը չփչանա: «Այս ամենն ակամայից վերածվեց ծիրանի էքսպրոմտ տոնակատարության: Եվ չնայած, որ ծիրանի պատերազմն ավարտվել է, այժմ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ադրբեջանցիներին պատկանող շուկաներն ու խանութները արգելում են հայկական արտադրանքի վաճառքը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ՌԲԿ-ի հետ զրույցում ահազանգել է, որ հայկական պահածոները, հանքային ջրերն ու կոնյակն անհետացել են ադրբեջանցի գործարարներից մեկին պատկանող մոսկովյան խոշոր սուպերմարկետային ցանցերից մեկից»,-գրում է պարբերականը: Աղբյուրը հավելում է, որ թեև երկու պետությունները հաճախ են ընդհարվում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի սահմանին, սակայն հազվադեպ է պատահում, որ կոնֆլիկտը տարածվի նաև Մոսկվայի առևտրային ոլորտում: «Նույնիսկ 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այսպիսի տրամադրություններ չկային: Սա տնտեսական պատերազմ է. նախկինում երբևէ նման բան չի եղել»,-պարբերականի հետ զրույցում ասել է Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանի տնօրենը: 

 

Լրահոս

Դիտել ավելին