Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությանը

25 Հուլիս, 2020 14:25
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Երեկ՝ հուլիսի 24-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ փոխգործակցության հիմքում ունենալով ԱՀ և ՀՀ տնտեսությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ առաջիկա տարիների տեսլականում շատ կարևոր է ուշադրությունը սևեռել պարենային ապահովության և անվտանգության խնդիրներին: Երկրի ղեկավարը շեշտադրել է, որ համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հետևանքները և տարածաշրջանային մարտահրավերներն այդ իմաստով այլընտրանք չեն թողնում՝ հատկապես, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում առկա է գյուղատնտեսական չիրացված մեծ ներուժ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Խաչատրյանը նշել է, որ լիովին գիտակցում է ձևակերպված խնդիրների կարևորությունը և ժամանակի սղությունը: Նա ընդգծել է, որ Արցախի գործընկերների հետ քննարկում են այն հիմնական ուղիները, որոնք հնարավորություն են տալու արդյունավետ կերպով ապահովել նախանշած արդյունքները: Նախարարի խոսքով՝ այդ համատեքստում դիտարկվում են առկա ռեսուրսները և համեմատական առավելություններ ընձեռնող գործոնները, որպեսզի հնարավոր լինի ապահովել առավելագույն արդյունավետություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու կառավարությունների կողմից տնտեսվարող սուբյեկտների աջակցման նպատակով կիրառվող գործիքակազմերի ներդաշնակեցմանը և տնտեսական առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին