Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    568
    580

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել են ՃՈ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր․ ՔԿ

24 Հուլիս, 2020 23:49
Բացահայտվել են ՃՈ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր․ ՔԿ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն  2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ա.Գ.-ի կողմից կաշառատուներից անձամբ կաշառքի առարկա հանդիսացող գումարները ստանալու դեպքում հավանական բացահայտման խոչընդոտը վերացնելու նպատակով պայմանավորվել են, որ Ս.Գ.-ն պետք է հավաքագրի քաղաքացիներին, նրանցից վերցնի կաշառքի առարկա հանդիսացող գումարները և փոխանցի Ա.Գ.-ին:Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 

Այնուհետև Ս.Գ.-ն Շիրակի մարզում բնակվող իր բազմաթիվ ծանոթներին և մտերիմներին տեղեկացրել է կաշառքի դիմաց իր միջոցով վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, ինչից հետո մի շարք քաղաքացիներ անձամբ կամ միջնորդավորված կերպով 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում դիմել են նրան և կաշառքի դիմաց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքից ստացել են վարորդական վկայականներ:

Մասնավորապես, քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում հիմնավորվել է, որ 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարբեր համայնքների 8 բնակիչներ պաշտոնատար անձին կաշառք տալու եղանակով վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս.Գ.-ին, ով քաղաքացիներից հավաքագրել է 250.000-300.000-ական ՀՀ դրամ գումարներ, որոնց մի մասը պահել է իրեն, իսկ 170.000-ական ՀՀ դրամները որպես կաշառք փոխանցել է Ա.Գ.-ին :

Ստացած կաշառքի գումարների դիմաց Ա.Գ.-ն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, շահադիտական շարժառիթով քաղաքացիներից տեսական քննություններ ընդունելու ժամանակ նրանց հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, պատշաճ չի ստուգել նրանց գործնական վարման հմտությունները, փոխարենը կազմել ու հանձնել է քաղաքացիներից տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին կեղծ արձանագրություններ, որոնցում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները ճշտությամբ պատասխանել են ստուգման թեստի հարցերին և գործնական վարման ժամանակ կատարել են քննության արձանագրություններում նշված գործողությունները:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա.Գ.-ն  սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, վարորդական վկայականներ տրամադրելու համար Ս.Գ.-ի օժանդակությամբ նույն ժամանակահատվածում երեք քաղաքացիներից ստացել է խոշոր չափերով՝ 400.000 ՀՀ դրամ կաշառք:  

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 2020 թվականի հուլիսի 24-ին Ա.Գ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին