Կարևոր իրադարձություններ

Համարները, որոնցից ադրբեջանցիները զանգահարում են հայերին, տրամադրվել են իրավաբանական անձի․ Վիվա-ՄՏՍ

24 Հուլիս, 2020 20:59
Համարները, որոնցից ադրբեջանցիները զանգահարում են հայերին, տրամադրվել են իրավաբանական անձի․ Վիվա-ՄՏՍ

Վիվա-ՄՏՍ ընկերությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 24-ին հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին