Կարևոր իրադարձություններ

Մովսես Խորենացի, Մեսրոպ Մաշտոց և մի շարք այլ հեղինակներ չե՞ն դասավանդվելու․ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը

23 Հուլիս, 2020 15:17
Մովսես Խորենացի, Մեսրոպ Մաշտոց և մի շարք այլ հեղինակներ չե՞ն դասավանդվելու․ պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը

Հանրակրթության Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը Shabat.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արհեստական աղմուկ է ստեղծվել այն հարցի շուրջ, թե 7-12-րդ դասարաններում «Գրականություն» առարկայից չեն դասավանդվելու՝ Մովսես Խորենացի, Եղիշե, Մեսրոպ Մաշտոց, Կորյուն, Գրիգոր Նարեկացի և այլ հայ հեղինակներ։

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց․ «Մենք  հիմա ծրագիրը, գրականության ցանկը, վերանայում ենք և ցույց կտանք, որ դրանք հանված չեն, դրանք լինելու են։ 9-րդ դասարանը սկսում ենք պատմագրությամբ, 6-րդ դասարանում դրված են մեր առասպելները, վիպերգերը, որոնք վերցված են Խորենացուց, Ագաթանգեղոսից, Բյուզանդից, բայց իհարկե՝ մշակված ձևով։ Աշակերտներն  ամբողջ մի կիսամյակ անցնելու են «Սասունցի Դավիթ» էպոսը, նույնիսկ համեմատելով կին ասացողների և տղամարդ ասացողների տարբերակները։ Մենք վերանայում ենք, և չենք ասել, թե միանգամից ուզում ենք «իջեցնել» դպրոց, սա քննարկման փուլում է։ Եկեք սովորենք բարեկիրթ քննարկում իրականացնել։ Ես շատ շնորհակալ եմ այն մարդկանցից, որոնք մեզ գրում են, ասում են՝ ինչ անենք, օգնում են, բայց կան նաև այլ մարդիկ, որոնք կեղծ լուրեր են տարածում և անհարգալից ձևով են արտահայտվում»։

Ծրագրի համաձայն՝ «Հայ գրականություն» առարկան անվանվելու է  «Գրականություն» և հայ հեղինակներից բացի, աշակերտներին դասավանդվելու է նաև արտասահմանյան գրականություն՝ Օսկար Ուայլդ, Ֆիցջերալդ և այլք։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է «Հայ գրականություն» առարկայից «հայ»-ը հանվել, Ալեքսանյանը պատասխանեց․ «Մեր հայ գրականությունը, որը շատ ճոխ է, արդյո՞ք համաշխարհային գրականության  մի մասը չէ։ Եթե մենք հայ գրականություն ենք ուսումնասիրում և զուգահեռ արտասահմանյան գրողներից ենք դնում, էդտեղ էլ ուր կմնա «հայ»-ը, հիմա տեսեք, եթե  մենք «հայ»-ը դնենք՝ շատ նեղացնում ենք սահմանները, բայց այսպես մենք հնարավորություն ունենք և՛ հային առչնվելու, և՛ գրական մյուս մեծություններին։ Եթե հիմա ես այդտեղ հայ դնեմ, Շեքսպիր ինչպե՞ս եմ անցնելու , կամ՝ դա առանձին ժամ պետք է լինի, որը մենք այսօր չենք կարող երազել դպրոցում, կամ էլ՝ անունը պետք է ուղղակի փոխենք։ Ոչ ոք հայը չի հանել, դրանք լինելու են ծրագրում, պարզապես մոտեցումներն են նոր։ Պարզապես մենք ուզում ենք, որ աշակերտը թութակի պես չկրկնի թեկուզ ամենագիտուն գիտնականի մտքերը,  ուզում ենք՝  մեր երեխան ինքնուրույն մտածել և խոսել սովորի, որն այսօր մեր հանրության ամենաթերի կողմն է, ես կասեի՝  նույնիսկ «աքիլեսյան գարշապար»-ն է, քանի որ մենք նույնիսկ չունենք խոսք, իրար հետ կիրթ ձևով խոսելու, բանավիճելու և այլն։ Իսկ այս ամենի հիմքը դպրոցում է դրվելու։ Ես պետք է իրենց հուսահատեցնեմ, որովհետև օրինակ Ներսես Շնորհալին 6-րդ դասարանում դրված է՝ հանելուկները և այլն, դրանք բոլորը լինելու են»։  

 

Մասնագետը պնդում է՝  բարձրացված աղմուկն արհեստական է․ « Ես պետք է թվեմ, թե ովքեր են այդ արհեստական աղմուկը բարձրացնում․ 1) այն մարդիկ, ովքեր կրկնուսույցի ծանր գործն են անում իրեն տներում, 2) այն մարդիկ, ովքեր գրքեր են գրել և տարիներ շարունակ այն վաճառել են ուսուցիչների վրա 3) այն դասախոսները, որոնք մշտապես զբաղվել են կրկնուսույցի գործով։ Նրանք այսպիսի աղմուկ են բարձրացնում, փոխանակ գիտական առաջարկություններ անելու՝ միայն հայոց լեզվի վատ բառերն են սովորել և հանձնաժողովի հասցեին առիթ- անառիթ կիրառում են։  Անձամբ ես չեմ վախենում ոչ մի բանից, թող ես լինեմ անգրագետ, բայց սա արվում է հանուն աշակերտի, հավատացե՛ք, դուք էլ նկատած կլինեք, որ արդեն ատում է մեր մայրենի լեզուն՝ հենց այս մոտեցումների պատճառով»։

 

Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգով ներկայացված են, թե օրինակ ինչ պետք է անի աշակերը։ Մասնավորպես առաջարկվող գործունեության ձևեր հատվածում նշված է․

●Տեքստում գտնել, ընդգծել կամ դուրս գրել պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն:

● Համեմատել և բացատրել գրողի օգտագործած բառապաշարը, գեղարվեստական պատկերավորման միջոցները և արտահայտչամիջոցները, ստեղծագործության կառուցվածքը, ձևը:

● Տեքստում գտնել գլխավոր գաղափարն արտահայտող նախադասությունը կամ բանալի միտքը, բացատրել:

● Ցույց տալ և բացատրել բանաստեղծական տեքստի կառուցվածքի, ձևի, հանգավորման և բովանդակության կապը:

● Կատարել ներտեքստային և արտատեքստային ընթերցումուսումնասիրում: Համեմատել բանաստեղծական տարբեր տեքստեր:

● Կարդացած ստեղծագործությունների համար ընտրել միանման հույզ, ապրում առաջացնող խորհրդանիշեր (երաժշտություն, գույն և այլն):

● Մեկ նախադասությամբ բնութագրել կարդացած տեքստը:

● Մտապատկերումներ անել, կատարել կռահումներ (բանավոր և գրավոր):

● Բանաստեղծական տեքստը վերածել արձակի՝ նոր ձևով կիրառելով հեղինակի գործածած պատկերավորման միջոցները:

● Գրել կարծիք բանաստեղծության մասին:

● Բանաստեղծությունը գովազդել թռուցիկներով, բացիկներով, ձայնագրել փոթքասթ:

Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Մարիամ Մելքումյան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին