Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    565
    577

  • RUB

    6,49
    6,79

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության. Մասիս Մայիլյան

23 Հուլիս, 2020 13:03
Ադրբեջանի բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 27-ամյակի առթիվ այսօր՝ հուլիսի 23-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Արցախի ԱԳՆ-ն ստեղծվեց մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում՝ երիտասարդ անկախ պետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում, և անմիջապես ստանձնեց երկրի կենսական շահերը պաշտպանելու դժվարին առաքելությունը, այդ թվում՝ բանակցություններ վարելով պաշտոնական Բաքվի հետ՝ ռազմական գործողություններին վերջ դնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ասել, որ Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտականջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. 1994 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին հրադադարի անժամկետ համաձայնագիր: Դժբախտաբար, Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշման և բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության:

Այսօր՝ Բաքվի իշխանությունների հետ շարունակական դիմակայության պայմաններում, որոնք Թուրքիայի հետ տանդեմ կազմած՝ անթաքույց հայատյաց քաղաքականություն են վարում, Արցախի Հանրապետության ԱԳՆ առջև ծառացած են ոչ պակաս կարևոր և պատասխանատու խնդիրներ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թվականների ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են մեր պետության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, հանրապետության միջազգային կապերի զարգացումը և խորացումը, նրան մեկուսացնելու ցանկացած փորձի չեզոքացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը, որոնց ամբողջությունը բարենպաստ պայմաններ կստեղծեն Արցախի առաջանցիկ քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Խնդիրները, կրկնում եմ, պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին այս նշանակալի օրվա կապակցությամբ, բոլորին մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին