Կարևոր իրադարձություններ

Փաստաբանը պնդում է՝ կոռուպցիա է տեղի ունեցել ․ ընդունելության քննությունների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն

23 Հուլիս, 2020 12:25
Փաստաբանը պնդում է՝ կոռուպցիա է տեղի ունեցել ․ ընդունելության քննությունների վերաբերյալ  հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն

 Ընդունելության քննություններում բարձր միավորներ ստացած, բայց Բարձրագույն ուսումնական հաստատություն չընդունված դիմորդների խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել։ Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հանդիպել էր դիմորդների ներկայացուցիչների հետ։

Փոխնախարարն ընդգծել է՝ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև դիմել հեռակա համակարգով ընդունելության մրցույթին՝ պահպանելով դրական միավորը կամ այն բարձրացնելով։

Մինչ դիմորդներն ու նրանց ծնողները բարձրաձայնում են՝ ԲՈՒՀ-երում նոր տեղեր ավելացնելու մասին, փաստաբան Գևորգ Դավթյանը որդու օրինակով ուսումնասիրել և համոզվել՝չի բացառվում, որ ընդունելության քննություններն անցկացվել են անարդար եղանակով։

«Երևանի պետական  համալասարանի Իրավաբանական  ֆակուլտետում 151 հոգի ընդունվել է, որոնք բոլորը աճման կարգով ստացել են 19-20 միավոր։ Դա իրականում հավանականության տեսությամբ բացառված է։ Ինչու եմ այդպես ասում․ քանի որ այն փոխկապակցված է այլ երևույթների հետ։ Օրինակ՝ հայոց լեզվի, օտար լեզուների,  մաթեմատիկայի միասնական քննությունների ավարտից հետո դրանց արդյունքները հրապարակվեցին համապատասխան կայքում, սոցցանցերում, մամուլում։ Գրվեց՝ քանի դիմորդ ինչ միավոր է ստացել, ու այդ առարկայից միջին գնահատականը որն է եղել։ Իսկ պատմություն առարկայի տվյալները մենք իմացել ենք այն ժամանակ, երբ արդեն հրապարակվել են ընդունված դիմորդների վերջնական ցուցակները։ Երբ դիմորդը և որևէ մեկը հնարավորություն չունեն հասկանալու, թե ոնց են փոխել միավորները՝ դա ի սկզբանե՞ է եղել, թե՞ հետո են փոխել, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահները»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։ 

Փաստաբանի խոսքով՝ հուլիսի 19-ին, դիմորդներին ծանուցել են, թե ինչ ֆակուլտետ են ընդունվել, բայց մի քանի ժամ անց տվյալները փոխվել են։ «Երբ նայում եմ ամսի 19-ին ԵՊՀ իրավագիտություն բաժինն ինչ բալերով են ընդունվել և համեմատում եմ մյուսների հետ, ստացվում է՝ 151 հոգի ընդունվել են բացարձակ գերազանցիկներ, բայց երբ համեմատում ես պատմության ֆակուլտետի հետ, որտեղ պատմությունը մասնագիտական առարկա է՝ ամենաբարձր միավորը հավաքել է մեկ դիմորդ 18,75 բալ, ամենացածրը՝ 10-11բալ, միջազգային հարաբերություններում գրեթե նույն պատկերն է, որտեղ ևս լուրջ մրցակցություն է եղել, նման տատանումներ չեն եղել»։

Գևորգ Դավթյանն ուսումնասիրել է նաև անցյալ տարիների վիճակագրությունը և ըստ իրեն այս տարիների ընթացքում պատմություն առարկայից նման բարձր գնահատական ստացողներ նույն ֆակուլտետի համար չեն եղել․ « Այսինքն դա որևէ կերպ չի տեղավորվում այն տրամաբանության մեջ, որ իրավագիտության ֆակուլտետ կարող են ընդունվել միայն բացարձակ գերազանցիկները։ Ստացվում է՝ 18,75 ստացողը չի ընդունվել իրավագիտության ֆակուլտետ։ Իմ տեղեկություններով նույն սխեման աշխատել է նաև Երևանի բժշկական համալսարանում, Վ․Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում»։

Փաստաբանը պնդում է՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հնարավոր չէ, որ ընդունվեն բացարձակ գերազանցիկները․ «Այսինքն իրականում այդտեղ կա մեծ կոռուպցիոն ռիսկ, կոռուպցիոն վտանգ կա։ Այդ կասկածը հիմնավոր է և կարող են պարզել։ Ես դիմել եմ՝ ՀՀ վարչապետին,  գլխավոր դատախազություն, ԿԳՄՍ նախարարին, որպեսզի կատարեն ուսումնասիրություն։

Դիմորդներն այսօր բողոքում են, ասում են՝ ընդունելության քննության համակարգում զետեղված փոփոխությունների պատճառով չենք կարողացել ընդունվել, եթե մեխանիկորեն այդ բալերը բարձրացնում են , ստացվում է, որ 19-ից ցածր բալեր ստացող ուսանողներն  ավտոմատ դուրս են մնացել»։

Դավթյանն ասում է՝ դիմորդների բողոքը տարվում է այլ ուղղությամբ։ Դիմորդները պնդում են, որ նոր տեղեր հատկացնեն օրինակ 18,75 միավոր ստացածների համար․ «Տեղեր հատկացնելու մասին չէ խոսքը։ Խոսքը վերաբերում է կասկածի մասին, որովհետև կոռուպցիա է տեղի ունեցել։ Այսինքն, եթե իրականում 20 ստացողների մեծամասնությունն իրականում 20 ստացողներ չեն, դա նշանակում է՝ կրթական համակարգի հերն է անիծվում։ Դա նշանակում է, որ այս քայլը նոր իշխանությունների դեմ է ուղղված։ Այսինքն՝ տվյալ դեպքում, եթե մենք մեխանիկորեն բողոքը տանում ենք այն ուղղությամբ, որ տեղեր հատկացնեն, որովհետև երեխաները բարձր միավորներ են ստացել, իրենք կասեն՝ եկեք թափուր տեղերում ընդունվենք և իրենց արածը կանցնի կգնա։ , բայց ես դեմ եմ։ Պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի՝ որպեսզի հասկանանք այդ 19-20 ստացած միավորները իրական են, թե ոչ։ Այդ կասկածը գալիս է նրանից, որ եթե դիմորդին ծանուցվում է, որ ինքը ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և ժամեր անց իրենք փոխում են տվյալները, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ թվերը նկարված են, թե ոչ»։

ԿԳՄՍ նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 13 հազար դիմորդ, 2200-ը ստացել է անբավարար միավոր` դուրս մնալով մրցույթից։ Իսկ  դրական միավորներով նախընտրած ֆակուլտետ չընդունված շուրջ 739 դիմորդից 550-ն արդեն դիմել է ընդունելության լրացուցիչ փուլին, որն անցկացվում է ըստ առկա թափուր տեղերի։

 

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին