Կարևոր իրադարձություններ

Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը. Նիկոլ Փաշինյան

23 Հուլիս, 2020 12:19
Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը. Նիկոլ Փաշինյան

«Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում ենք չփորձել խոսել ուժի դիրքերից ու սպառնալիքներով, հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև՝ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են ու չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցած այս օրերին միջազգային համայնքի առջև մենք ցուցաբերեցինք պատասխանատու եւ վստահ պահվածք. մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, ամեն անգամ նրա զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ:

Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի  ատոմակայանը: Այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետեւ ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»,- հավելեց վարչապետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):  

 
 

Լրահոս

Դիտել ավելին