Կարևոր իրադարձություններ

Ցավոք, Տավուշի հերոսական իրադարձությունները ուղեկցվում են պետության ու հայրենիքի դեմ ուղղված դավաճանական հայտարարություններով. Արման Բաբաջանյան

22 Հուլիս, 2020 22:43
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Ցավոք, Տավուշի հերոսական իրադարձությունները ուղեկցվում են պետության ու հայրենիքի դեմ ուղղված դավաճանական հայտարարություններով. Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավոք, Տավուշի հերոսական իրադարձությունները ուղեկցվում են պետության ու հայրենիքի դեմ ուղղված դավաճանական հայտարարություններով, իշխանությանը պատերազմական իրավիճակում սևացնելու անթույլատրելի փորձերով։

Բարեբախտաբար, դրանք իրենց որակով ու քանակով ոչ միայն տիրապետող չեն, այլև խիստ սակավթիվ են ու մարգինալ, ինչը վկայում է ինչպես մեր քաղաքական դաշտի, այնպես էլ հասարակության, տարբեր խավերի բարձր գիտակցության ու որակի մասին։

Քաղաքական այլակարծությունն ու ընդդիմախոսությունը ոչ միայն բնական է ու նորմալ, այլև չափազանց անհրաժեշտ է ու կարևոր պետության, հասարակության առողջ ընթացքի ու զարգացման համար։ Դա մեր հարստությունն է, ժողովրդավարական պետություն ունենալու առհավատչյան ու գրավականը, որը մենք պետք է զարգացնենք ու կայացնենք առավելագույնս։

Բայց դրան զուգահեռ մենք՝ որպես հասարակություն, որպես քաղաքական սուբյեկտներ պետք է կարողանանք սահմանել ու պահպանել կարմիր գծեր, որոնք չպետք է անցնենք որևէ պարագայում, որևէ, անգամ բարձր նպատակի հասնելու համար։ Իսկ արտաքին ագրեսիան, պատերազմական գործողություններն այն իրականությունն են, որում ներքաղաքական պայքարը դադարում է ամբողջությամբ, քանի որ բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանական, թե ընդդիմադիր պետք է միավորվեն հանուն մեկ նպատակի ու մեկ կառույցի՝ բանակի շուրջ։

Ընդ որում, բոլոր նման դեպքերում համազգային միակամության այդ դրսևորումները շատ որոշակի արդյունքներ են տալիս ոչ միայն բուն պատերազմական գործողությունների ընթացքում, այլև, որ շատ ավելի կարևոր է՝ դրանից հետո։

Հիմա, հենց այսօր մենք այն փուլում ենք, որ պետք է կարողնանանք ճիշտ ու արդյունավետ օգտագործել տաուշյան հերոսամարտի օրերին ցուցաբերված համազգային միասնականությունը՝ դա ուղղելով մեր երկրի առջև ծառացած այլ խնդիրների ու մարտահրվարների լուծմանը։

Այդ միասնականությունն ու համախմբվածությունն ունի հսկայական ներուժ, որը մենք պետք է ու պարտավոր ենք ծառայեցնել հանուն մեր պետության զարգացման ու ամրապնդման։ Սա շատ ավելի բարձ ու վեհ նպատակ է, քան որևէ քաղաքական կամ կուսակցական շահ։ Եվ եթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչներն առաջորդվեն այս նպատակով ու այդ առաքելության գիտակցությամբ, մենք կունենանք միանգամայն այլ քաղաքական համակարգ, այլ՝ նոր որակի քաղաքական հարաբերություններ, որոնցում, այո, կարող են և պետք է տեղ ունենան ընդդիմախոսությունը, պայքարը, հակադրությունները, որոնք սակայն երբեք ու որևէ պարագայում չպետք է վեր դասվեն համազգային ու համապետական շահից։

Մեր զինված ուժերը, մեր հերոս զինվորները մեզ տվել են ազգային համախմբվածություն ցուցաբերելու հերթական, բայց բացառիկ հնարավարությունը, որը չօգտագործելու ու դրանով պետությունն ավելի չամրացնելու դեպքում մենք մեղք կգործենք առաջին հերթին մեր զինվորների, հերոս հայորդիների առաջ։ Եվ ուրեմն, մեր քաղաքական ու քաղաքացիական գիտակցությամբ ու վարքագծով փորձենք արժանի դառնալ մեր զինվորների սխրանքին ու հերոսությանը, մեր բաժին հերոսությունն ու սխրանքը գործենք ամեն մեկս մեր ճակատում։

Ի պետս ՀՀ քաղաքացու ու ի պետս Հայաստանի Հանարպետության»։

 

Լրահոս

Դիտել ավելին