Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդես է եկել համահայկական դրամահավաքին միանալու կոչով

22 Հուլիս, 2020 12:37
Արմեն Սարգսյանը հանդես է եկել համահայկական դրամահավաքին միանալու կոչով

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնք­ների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավա­­քված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները մեզ կրկին մղում են Հայրենիքի շուրջ համախմբվելուն և մեր ջանքերը նրա պաշտպանությանն ու հզորացմանն ուղղելուն:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, տասնամյակներ շարունակ լինելով ագրեսիվ գործողությունների թիրախում, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողին և դարձել են մեր անսասան սահմանապահները։ «Սահմանամերձ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազ­մա­­վա­րական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտե­սա­կան և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է»,-ասվում է Հանրապետության նախագահի խոսքում։

Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, Հայաստանում և սփյուռքում գործող կուսակցություն­ներին և կազմակերպու­թյուններին, անհատներին կոչ է արել իրենց ողջ ներուժն ուղղել դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները: Դրամական փոխան­ցումները կարող են կատարվել «Հայաստան» համահայկական հիմնա­դրամի www.himnadram.org­ կայ­քում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվելով Հիմնադրամի տեղական կազմակերպու­թյունների ներկայա­ցու­ցիչների հետ՝ հավաքված միջոցները նաև այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով։ «Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։ Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»,-ասվում է Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչում։

 

Լրահոս

Դիտել ավելին