Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մեկնարկել է միջազգային STARMUS VI փառատոնը

22 Հուլիս, 2020 12:24
Հայաստանում մեկնարկել է միջազգային STARMUS VI փառատոնը

Հայաստանում մեկնարկեց Գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI (Stars and Music) փառատոնը, որը փորձում է միավորել մոլորակի ամենահետաքրքիր մտածողներին, նորարարներին՝ նպատակ ունենալով ոգեշնչել և կրթել հետազոտողների նոր սերունդ՝ թևեր տալով նոր հայտնագործությունների:

Փառատոնն ամեն անգամ կազմակերպվում է մեկ խորագրի ներքո՝ ներառելով քննարկումներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, համերգներ, կինոնկարների միասին դիտում և այլն: STARMUS-ը նաև ունենում է «Քաղաքային ծրագրեր»՝ առավոտյան զրույցներ, շնորհանդեսներ, սեմինարներ, որ բաց են լինում, անվճար հասանելի բոլոր ցանկացողների համար:

Միջոցառման մասնակիցներն են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, Starmus փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը (Jill Tarter) Starmus փառատոնի խորհրդի անդամ եւ այլք։

Այսօր՝ հուլիսի 22-ին մասնակիցներն ազդարարել են փառատոնի մեկնարկը և ողջունել են միմյանց՝ հույս հայտնելով, որ շուտով կկարողանան Հայաստան այցելել։ Ներկաները կարծիք են հայտնել, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ գիտության արժեքն անհամեմատ մեծացել է, և մարդկությունն այսօր իր հույսը կապում է գիտության հետ, սակայն այն չի լինում առանց ոգեշնչման և  կրթության։

Դեռևս 2019 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող STARMUS-ի V փառատոնի բացման ժամանակ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել էր STARMUS VI փառատոնն անցկացնել Հայաստանում։

 

Լրահոս

Դիտել ավելին