Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    569
    581

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում. Բաթոյան

21 Հուլիս, 2020 21:28
Ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում. Բաթոյան

«Ինչպես գիտեք, Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, իսկ հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ գլոբալ ջանքերին»,- այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի և Կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության մարմնի (UN-Women) կողմից կազմակերպված Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի 25-ամյակին նվիրված առցանց միջոցառման ընթացքում՝ ելույթ ունենալով միջոցառման «Գենդերային հավասարության առաջնորդների միջև երկխոսություն» հատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը նշել է, որ բազմակի և հատվող խտրականության ենթարկվող կանանց և աղջիկներին քաղաքականությունները հասանելի դարձնելու նախապայմանը նրանց մասնակցությունն է բոլոր փուլերում։

Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաև անցյալ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրանց հետևանքով տուժող քաղաքացիների և հատկապես կանանց խնդիրներին.

«Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս օրերին Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, պայքարում է համավարակի դեմ։ Կին բուժաշխատողների մասնակցությունը, նրանց փորձի վրա հիմնված առաջարկներն անգնահատելի են ընդհանուր պայքարի համատեքստում։ Ցավոք, վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների օրակարգում է ևս մեկ հարց՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը։ Հայաստանի սահմանամերձ գործարաններից մեկը, որն օրական արտադրում է երեք հարյուր հազար դիմակ, օրեր առաջ հրետակոծվեց։ Դժվարին այս իրավիճակում դիմակ արտադրող կանանց և այն բուժաշխատող կանանց, որոնց համար դիմակների առկայությունը կենսական է, ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ, երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից»,- ասել է նախարարը։

Նա անդրադարձել է նաև գենդերային հավասարության խնդիրներին և նշել, որ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու համար երկխոսությունը առանցքային է.

«Հայաստանի կառավարությունն գենդերային հավասարության հասնելու հարցում վճռական է։ Այդ վճռականությունը հիմնված է քաղաքական երկխոսության վրա։ Եթե փոխվստահությունը շահագրգիռ կողմերի միջև ամուր է, և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիական հասարակությունը չեն ընկրկրկում»,- ասել է նա:

Նախարարը խոսել է նաև օրեր առաջ հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ, որն ի դեպ, մշակվել է կին դերակատարների ուղիղ մասնակցությամբ։ Ըստ նախարար՝ ռազմավարությամբ ամրագրվել է, որ բռնությունից զերծ հանրության հայեցակարգը հասարակական համերաշխության կարևոր նախապայման է.

«Այդ դրույթը համագործակցության և քաղաքական երկխոսության ձեռքբերումն էր, որ ամրագրվեց որպես ներհայկական համակեցության կանոն։ Սա է մեր պատկերացումը գենդերային հավասարության հասնելու համար տարբեր կողմերի համագործակցության մասին։ Հուսով եմ, որ այդ հարցում համագործակցության մեր փորձը օրինակելի կդառնա շատ հասարակությունների համար և կամրապնդի գլոբալ համագործակցությունը հանուն բոլոր կանանց և աղջիկների»,- եզրափակել է նախարարը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին