Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանի նշանակման հետ կապված հարցականները շատ-շատ են

17 Հոկտեմբեր, 2015 13:09
Տիգրան Սարգսյանի նշանակման հետ կապված հարցականները շատ-շատ են

«Տիգրան Սարգսյանի նշանակումը զարմանալի էր, միևնույն ժամանակ ինչ որ տեղ գուցե և տրամաբանություն կա դրա մեջ: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք էր, այնուամենայնիվ, որ Հայաստանը հայտարարեց, որ ցանկանում է ՄՄ հետո ԵՏՄ անդամ դառնալ»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը անդրադառնալով ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակմանը:

Տնտեսագետը թեև վերջնական եզրահանգման չի եկել, սակայն նկատեց, որ Տիգրան Սարգսյանը երկար ժամանակ ղեկավարել է ԿԲ-ն և ֆինանսական շուկայի քաջատեղյակ պետական պաշոտնյա է եղել:

Նրա խոսքով, դաշտում չկա այլ անձ, որը ավելի  լավ տիրապետի և Հայաստանի տնտեսության  իրավիճակին, և միաժամանակ կարողանա աշխատել մնացած գործընկերների հետ:

«Գուցե նա լավագույն տարբերակն էր այս պաշտոնի համար: Մոսկվայում այդպես են նայում հարցին և Երևանում նույնպես: Տիգրան Սարգսյանը գուցե իրենց համար լավ այլընտրանք էր: Բայց, այնուամենայնիվ, այստեղ հարցականները շատ-շատ են»,-ասաց Եղիազարյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը դեմ էր արտահայտվում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրման, հետո արդեն փոխեց իր դիրքորոշումը, տնտեսագետը նկատեց, որ գուցե հենց այս առումով է նրա թեկնածությունը դիտվել որպես անենահարմարը:

«Այսինքն նա համատեղում է, այսպես ասած, երկու մոտեցումներ, այսինքն Տիգրան Սարգսյանը կարող է ներկայացնել ոչ թե ինչ-որ ծայրահեղ մոտեցում, այլ ավելի կոմպրոմիսային: Տիգրան Սարգսյանի «և-և» տարբերակն ամենահարմարն էր այս պաշտոնի համար»,-ասաց տնտեսագետը:

Դիտարկմանը, թե վտանգավոր հատկանիշ չէ դա,  այնուամենայնիվ, մանավանդ երբ խոսքը գնում է այնպիսի կարևոր հարցի մասին, ինչպիսին տնտեսությունն է, տնտեսագետն ասաց. «Իհարկե վտանգավոր է: Չգիտեմ, գուցե ուրիշ բաներ էլ են տեղի ունեցել: Գուցե փոփոխություններ են տեղի ունենում ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում»:

Ըստ տնտեսագետի Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ձեռնտու է երկու կողմին էլ՝ և՛Ռուսաստանին, և՛ Հայաստանին:

 Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կստանձնի Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը վարելիս:

 

Լրահոս

Դիտել ավելին