Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան, եթե ցեղ չէ՝ ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով. Կարո Փայլանը հարցեր է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարարին

20 Հուլիս, 2020 20:01
Թուրքիան, եթե ցեղ չէ՝ ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով. Կարո Փայլանը հարցեր է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարարին

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին հարցեր է ուղղել՝ Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Փայլանը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է չեզոքություն ցուցաբերեր վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններում:

Չավուշօղլուին ուղղված Փայլանի հարցադրումները ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին օրերին արձանագրված հակամարտությունների արդյունքում մահացան բազմաթիվ զինվորներ և քաղաքացիներ։ Երբ կողմերն իրար մեղադրում էին հակամարտությունը սկսելու մեջ, որպես Արտաքին գործերի նախարար հայտարարեցիք, թե «անընդունելի է Հայաստանի արածը։ Ադրբեջանը մենակ չէ։ Մենք, որպես Թուրքիայի Հանրապետություն և թուրք ժողովուրդ, մեր բոլոր կարողություններով կանգնած ենք Ադրբեջանի կողքին»։

Նման հայտարարություններով հանդես եկան նաև ԱԶԿ կուսակցության և հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած հակամարտությունների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է աշխատեր լուծման ուղղությամբ կամք արտահայտել, մինչդեռ այս լարվածության ժամանակ էլ ցեղային պատճառներով անկողմնակալ չեղավ ու կատարեց լարվածությունը սաստկացնող հայտարարություններ։

Ուստի,

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած հակամարտության մեջ ցեղայի՞ն պատճառներով է, որ կողմնակալություն եք ցուցաբերում։

Տակավին չե՞ք հասկացել, որ ցեղապաշտական արտաքին քաղաքականությունը «կրակի վրա յուղ լցնել» է նշանակում և միայն ընդարձակում է հարցերը:

Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը ցանկանում է ավելի շատ ռազմամթերք վաճառել Ադրբեջանին։ Լարվածությունն այս պատճառո՞վ է, որ սաստկացնում եք։

Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկելու ուղղությամբ:

Թուրքիան, եթե ցեղ չէ՝ ինչո՞ւ է արտաքին քաղաքականությունը վարում ցեղապաշտական նկրտումներով։

Երբեմն հիշո՞ւմ եք արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, որը հիմնադրվել է Հայաստան-Ադրբեջան լարվածությունը նվազեցնելու նպատակով։

Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը շահաբեր է միայն Ռուսաստանին։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այն սպառնալիքը, ըստ որի՝ նրանք պատրաստ են հարվածելու Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող ատոմակայանին»,- գրել է Փայլանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին