Կարևոր իրադարձություններ

Դատավոր Գևորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ․ վերջինս մեղադրանքը չի ընդունում

20 Հուլիս, 2020 14:10
 Դատավոր Գևորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ․ վերջինս մեղադրանքը չի ընդունում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։

Հակոբյանը հաղորդեց, դատավորն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նարինյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը) և 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։

Փաստաբանն ասաց, որոշումը ստացել են, բայց դեռ չեն հասցրել ուսումնասիրել․ «Մեր վստահորդի հետ կքննարկենք և ըստ դրա կորոշենք՝ բողոքարկում ենք, թե ոչ»,- ասաց նա։

 Հակոբյանը փոխանցեց, որ դատավոր Նարինյանն իրեն լավ է զգում։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Նարինյանը ԲԴԽ նիստից դուրս գալուց հետո կտրել էր երակները, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Ավելի վաղ, Shabat.am –ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել էին, որ ԱԱԾ քննչական գործողություններ է իրականացնում Սննակության դատարանում, որից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ԲԴԽ-ին դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու հարցով։ ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին