Կարևոր իրադարձություններ

Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել Արդարադատության նախարարությունը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

16 Հուլիս, 2020 17:03
Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել Արդարադատության նախարարությունը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով լրատվամիջոցի կողմից ուղարկված հարցմանը պատասխանելու ժամկետները, բովանդակությունն, ինչպես նաև մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիների բողոքները:

Ցավոք, որ որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ ինստիտուտների հետ աշխատելուն:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ արդարադատության նախարարությանը:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: 75%-ից ավելին ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքը դրական է գնահատել:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք նախարարությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները, որից հետո էլ գերատեսչության կողմից տրամադրված ամբողջական մանրամասն տեղեկատվությունը:

 

• Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացել է։

• Քրեակատարողական հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով։

• Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները 2020 թվականի հունիսի մեկից միացել են սննդի մատակարարման նոր համակարգին։

• Բարելավվել են ցմահ դատապարտված անձանց պահման պայմանները:  

• Հաստատվել են դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն ռազմավարության, մարդու իրավունքների ազգային ռազմավարության և այլ ծրագրեր:

• Կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  

• Միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը փոխարինվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին։

• Նախատեսվել է դատավորների գործունեության գնահատման նոր կարգ, որի համաձայն դատավորների գործունեությունը ենթակա է լինելու պարբերական գնահատման։

• Հստակեցվել է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգը։

• Ներդրվել է «Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգը:

• Մշակվել են մի շարք օրենքի նախագծեր և փաթեթներ (ՀՀ քրեական օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության Օրենսգրքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և այլն)

• Կոռուպցիայի կանխարգելման նպատակով միջոցառումներ են իրականացվել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուղղությամբ:

• Աշխատանքներ են տարվում գույքի և եկամուտների շահերի հայտարարագրման համակարգի արդյունավետությանն ուղղված բարեփոխումների վերաբերյալ:

• Ներդրվել է իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը։ 

• Քրեականացվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

• Ներդրվել է ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ:

• Բարեփոխումներ են իրականացվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում. հեշտացվել է ամուսնությունների, երեխաների ծնունդների գրանցումը, սկսվել է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների ընդունման աշխատանքները:

 

 Հաստատվել են՝ 

1. Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը։ 

2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020- 2022թթ. գործողությունների ծրագիրը։ 

3. Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։ 

4. Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ 

5. Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների  ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ 

6. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020- 2022թթ. գործողությունների ծրագիրը։   

 

Դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումներ`

1. Կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ 

2. Միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը փոխարինվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին։

3. Նախատեսվել է դատավորների գործունեության գնահատման նոր կարգ, որի համաձայն դատավորների գործունեությունը ենթակա է լինելու պարբերական գնահատման։ 

4. Հստակեցվել է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգը։ 

5. Ներդրվել է «Վճարման կարգադրություն» էլեկտրոնային համակարգը (հասանելի է հետևյալ հղումով՝ https://cabinet.armlex.am/)։ Ներկայում տվյալ համակարգից օգտվում են ֆինանսական և այլ կազմակերպություններ (բանկեր, վարկային կազմակերպություններ և կապի օպերատորներ)։ Վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա և հիմնականում կիրառվում են պարտքերի հավաքագրման համար։ 

6. Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2020թ. ապրիլի 15-ից ուժի մեջ է մտել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ ուղղված սնանկության կառավարիչների հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, սնանկության վարույթում ծախսերի և ժամկետների կրճատմանը և էլեկտրոնային համակարգերի ներդրմանը։

 

Քրեակատարողական ոլորտում իրականացված բարեփոխումներ` 

1. Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացել է։ 

2. Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները 2020 թվականի հունիսի մեկից միացել են սննդի մատակարարման նոր համակարգին։ Գործառույթը պատվիրակվել է մասնավոր ընկերությանը։ 

3. Քրեակատարողական հիմնարկները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով։ 

4. Ցմահ դատապարտյալներին առաջին անգամ հնարավորություն է տրվել պատիժը կրել նաև բաց տեսակի ուղղիչ հիմնարկում։

5. 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ (փակից-կիսափակ)։ 

6. 8 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ։

7. Պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 2 ցմահ ազատազրկման դատապարտված անձ։ 

8. Մշակվել և 2020 թվականի մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

9. Մշակվել և 2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքները, որոնք միտված են քրեական ենթամշակույթը հաղթահարելուն  և դրա նկատմամբ զրո հանդուրժողականություն ցուցաբերելուն: 

 

 Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված բարեփոխումներ` 

1.«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ 

2.Ի թիվս դատական իշխանությունում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների, ներդրվել է Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ։ 

3.«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը։

4.Կոռուպցիայի կանխարգելման նպատակով`միջոցառումներ են իրականացվել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուղղությամբ։ 

5.Հաստատվել է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հայտարարագրման ձևանմուշը, որի հիման վրա հանքարդյուաբերող ընկերությունները ներկայացրել են իրենց հայտարագրերը։ 

6.Ձեռնարկվում են միջոցներ հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ։ 

7.Գույքի և եկամուտների շահերի հայտարարագրման համակարգի արդյունավետությանն ուղղված բարեփոխումներ։ 

8.Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ընդլայնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմը։ 

9.Մշակվել և կառավարության կողմից հաստատվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի հայտարարագրի նոր ձևանմուշը, որում ի թիվս այլ պահանջների՝ ավելացել է նաև շահերի հայտարարագրման պահանջը։ 

10.Ներդրվել է իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը։ 

 

ՄԻՊ ռազմավարության շրջանակներում իրականացված միջոցառումներ`

1.Վավերացվել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ 

2.Օրենսդրորեն ամրագրվել է գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հստակ չափանիշներ։ 

3.Վերապատրաստումներ խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի թեմաներով ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, հոգեբուժական ու երեխաների խնամքի հաստատությունների աշխատողների, քրեակատարողական ծառայության ծառայողների և բժշկական անձնակազմի համար։ 

4.Մշակվել է Իրավահավասարության ապահովման մասին և Ազգային փոքրամասնությունների մասին օրենքների նախագծերի փաթեթը։

 

ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներ` 

1. 2019 թվականի սեպտեմբերի մեկից քաղաքացին ՔԿԱԳ մարմնից որևէ ծառայություն ստանալու համար կարող է դիմել տարածքային առումով իրեն ամենամոտ տարածքային մարմին։ 

2. Ամուսնություն գրանցել կարող են բոլոր երկրների քաղաքացիները. այլևս պարտադիր պահանջ չէ զույգերից մեկի՝ Հայաստանում գրանցում ունենալու փաստը։ 

3. Հայաստանն ամբողջությամբ անցել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի տրամադրմանը։ 

4. 2020 թվականի մարտի 8-ից Երևան քաղաքում  ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդների գրանցումն ու  դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներն իրականացվում են տեղում։ 

5. 2020 թվականի մարտից Արդարադատության նախարարությունը սկսել է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների ընդունելության սպասասրահի կազմակերպման աշխատանքները և այս պահին դրանք գտնվում են ավարտական փուլում, քաղաքացիները հնարավորություն կստանան դիմումեր ներկայացնել՝ ՔԿԱԳ գործակալություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Սոցիալական ապահովման ծառայություն, Միգրացիոն ծառայություն, Կադաստրի պետական կոմիտե, Թաղման բյուրո և Ազգային արխիվ։

 

Այլ աշխատանքներ`

1. Քրեականացվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

2. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրատվական գործունեություն իրականացնողների համար դարձել է անվճար։

3. 2008թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվել է աջակցություն։ Բավարարվել է 56 դիմում, տրամադրվել է 630 մլն դրամի փոխհատուցում: 

 

Մշակվել են՝ 

1. «Հանրային ծառայության մասին» օրենքում և  հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է հայտարարատուների համար սահմանել ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պարտականություն: 

2. Հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն: 

3. Դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական ակտերի նախագծերը:  

4. ՀՀ քրեական օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության: 

5. Օրենսգրքի և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծերը: 

6. Վարչական դատավարության օրենսգրքում և Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է այլ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի վիճարկման դեպքում բացառել այդ վարչական ակտերի ավտոմատ կասեցումը։ Ինչ վերաբերում է արդարադատության ոլորտում առկա բացերին և խնդիրներին՝ ապա դրանք իրենց լուծումներով ամբողջությամբ ամրագրվել են վերը նշված ռազմավարություններում։

2018 թվականի մայիսից հետո կատարված աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://moj.am/legal/view/article/1198/, իսկ 2019 թվականի աշխատանքներին՝ http://moj.am/legal/view/article/1263/:

 

 

Լրահոս

Դիտել ավելին