Կարևոր իրադարձություններ

Դժվա՞ր է պատկերացնել, որ սահմանային լարվածության ժամանակ պետության ղեկավարին թիրախավորելով խոցելի ենք դարձնում սեփական բանակը

16 Հուլիս, 2020 15:14
Դժվա՞ր է պատկերացնել, որ  սահմանային լարվածության ժամանակ պետության ղեկավարին թիրախավորելով  խոցելի ենք դարձնում սեփական բանակը

Հայկական բանակը հերթական անգամ  ցույց տվեց, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից։ Այս մասին  նախօրեին պաշտպանության նախարարի և բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ հանդիպմանն ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերի ժամանակ հայկական բանակը ցույց տվեց իր ուժը՝ թշնամուն ապացուցելով, որ կարող է պահել երկրի սահմանները, հոգ տանել խաղաղ բնակչության անվտանգության մասին։ 

Բանակն իր պաշտպանությունն իրականացնում է համախմված կերպով, սակայն երկրի ներսում իրավիճակն այլն է։ Հայկական մամուլում անընդհատ հայտնվում են տարատեսակ հրապարակումներ ուղղված երկրի ղեկավարության «անգործությանը», մինչդեռ  մեր պետությունն ապացուցում է՝ տիրապետում է իրավիճակին և կարողանում է թշնամու հարձակումներին տալ համարժեք պատասխան։  

Գուցե ոչ բոլորն են հասկանում, որ սահմանային լարվածության ֆոնին հայկական մամուլում հայտնվող, ապատեղեկատվություն տարածող հրապարակումներից օգտվում է Ադրբեջանը, և այն օգտագործում է մեր պետության դեմ։

Պատերազմական իրավիճակում լրատվամիջոցները պետք է համախմբված աշխատեն՝ հանուն բանակի, հանուն երկրի և սեփական կյանքի անվտանգության։

Առողջապահական խնդիրների լուսաբանմամբ զբաղվող medmedia.am կայքն օրեր առաջ հրապարակել էր «Որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանը» վերտառությամբ մի հոդված, որտեղ ներկայացնում էր, թե Նիկոլ Փաշինյանն անհետացել է, ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերներ չի մտնում և սահմանային իրավիճակի մասին տեղեկատվություն չի հաղորդում։  

Մի՞թե դժվար է պատկերացնել, որ նման իրավիճակում, երբ երկիրը պայքարում է թշնամու դեմ, պետության ղեկավարին թիրախավորելով՝ խոցելի ենք դարձնում սեփական բանակը, երկրի անվտանգությունը։ Նման հրապարակումներով մենք մեր պետության ղեկավարին հավասարեցնում ենք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, ով իր երկրի բանակում կատարվող իրադարձությունների ֆոնին պարզապես որոշել է անհետանալ։

Կարո՞ղ ենք գիտակցել, որ պատերազմական իրավիճակում յուրաքանչյուրս անկախ մասնագիտությունից, պետք է լինի բանակի կողքին՝ հանուն զինվորի,  հանուն պետության և սեփական անվտանգության, հանուն վաղվա սերնդի բարեկեցիկ և անվտանգ կյանքի։

Հ․Գ Որևէ լրատվամիջոցի թիրախավորելու միտում չունենք, պարզապես սա մեկ օրինակ է լրատվամիջոցների կատարած աշխատանքից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին