Կարևոր իրադարձություններ

Հայազգի Աֆեյանի Moderna-ն հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը

15 Հուլիս, 2020 14:31
Հայազգի Աֆեյանի Moderna-ն հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը

New England Journal of Medicine ամսագիրը հայտնում է, որ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութը փորձարկումների առաջին փուլում կարողացել է իմունիտետ ձևավորել բոլոր կամավորների մոտ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ հակամարմիններ ձևավորվում են առաջին դեղաչափից, սակայն 4 շաբաթ անց անհրաժեշտ է եղել երկրորդ դեղաչափի, ինչից հետո պատվաստանյութը 45 կամավորի մոտ էլ բարձրացրել է հակամարմինների մակարդակը՝ ձևավորելով իմունիտետ։

Կամավորները եղել են 18-ից 55 տարեկան։ Նրանց պատվաստանյութի երեք տարբեր դեղաչափ են ներարկել՝ 25, 100, և 25 միկրոգրամ։

Հուլիսի 27-ից սկսվելու է փորձարկումների երկրորդ փուլը, որին ներգրավված է 30,000 մարդ։

Իսկ Associated Press-ը հայտնում է, որ պատվաստանյութից կողմնակի լուրջ ազդեցություն չի եղել։ Մի մասի մոտ  առաջացել է գրիպանման ռեակցիա , ունեցել են հոգնածություն, գլխացավ և ջերմություն։ Ամենից բարձր դեղաչափ ստացած անձանց մոտ ռեակցիան ավելի արտահայտիչ է  եղել։ Դրանք ժամանակավոր են և ներարկումից մեկ օր հետո անցնում են։ 

Ակնկալվում է, որ պատվաստանյութի փորձարկումների վերջնական պատասխանը կլինի 2021 թվականի սկզբին։

Իսկ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ անձամբ բանակցում է Moderna-ի հետ պատվաստանյութի ձեռքբերման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին