Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Այս պահին խաղաղություն է, հրետակոծություն չկա․ բնակիչների շրջանում հաղթական տրամադրություն է․ Հայկ Չոբանյան․ «Հայկական Ժամանակ»

15 Հուլիս, 2020 00:01
Այս պահին խաղաղություն է, հրետակոծություն չկա․ բնակիչների շրջանում հաղթական տրամադրություն է․ Հայկ Չոբանյան․ «Հայկական Ժամանակ»

Տավուշի մարզի բնակիչների շրջանում հաղթական տրամադրություն է, խուճապ չկա։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

- Պարոն Չոբանյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին։

- Ըստ էության երկուսուկես օր է՝ հրետակոծվում են մեր դիրքերը, այսօրվա (երեկվա.- խմբ.) ընթացքում նաեւ որոշակի հրետակոծություն է եղել բնակավայրերում կամ մերձբնակավայրային հատվածներում։ Ունենք նաեւ վնասված տներ, իրականացնում ենք վնասների գնահատում, ապահովում ենք այդ ընտանիքների կենսագործունեությունը, որպեսզի բնակության խնդիրներ չունենան։ Մեր աշխատանքներն այս պայմաններում հիմնականում ուղղված են ընթացիկ տնտեսական գործունեության ապահովմանն ու քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը, որպեսզի իրավիճակի հնարավոր ավելի լարվածության պայմաններում պատրաստ լինենք համապատասխան միջոցառումների։ Զինված ուժերը լիարժեք իրականացնում են սահմանային պաշտպանությունը, դրանով նաեւ մեզ հնարավորություն են տալիս, որ մենք ավելի շատ զբաղվենք քաղաքացիական պաշտպանության եւ քաղաքացիական կյանքի կենսապահովման հարցերով։

- Մարզում խուճապ կամ լարվածություն նկատվո՞ւմ է, ի՞նչ տրամադրություն է տիրում։

- Տրամադրությունը, եթե 1 բառով ասենք՝ հաղթական է։ Խուճապ ընդհանրապես չկա։ Բոլորը գիտեն, որ մեր գործողությունները միտված են խաղաղության։ Սա թշնամու ոտնձգությունն է, որին մեր Զինված ուժերը արժանի պատասխան են տալիս։ Ցավոք սրտի, տարիներ հետո կրկին մեր բնակավայրերը ռմբակոծվում են, բայց այնուամենայնիվ, բոլորս հասկանում ենք, որ սա սահման է, մենք ունենք թշնամի եւ մեր կենսապահովման, մեր հաջողության ու հաղթանակի համար, ցավոք սրտի, նման միջադեպերն անխուսափելի է։

- Մարզի սահմանամերձ բոլո՞ր համայնքներում է հակառակորդն ակտիվություն դրսեւորում։

- Եթե առաջին օրը հիմնականում Մովսես գյուղն էր, ապա հետագայում որոշակի ակտիվություններ դրսեւորվեցին ե՛ւ Չինարիի, ե՛ւ Այգեպարի, ե՛ւ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ։

- Բնակիչների անվտանգությունն ապահովելու համար քայլեր իրականացվե՞լ են, թե դեռ իրավիճակը հանգիստ է։

- Առաջին պահից սկսած մենք աշխատանքներ ենք կատարել քաղպաշտպանության ապահովման առումով, դա ներառում է ե՛ւ պատսպարման ե՛ւ տարհանման աշխատանքները։ Այսինքն՝ մենք ուսումնասիրել, վերլուծել եւ կարգի ենք բերել ե՛ւ տեխնիկական, ե՛ւ մարդկային, ե՛ւ ենթակառուցվածքային ռեսուրսները, որպեսզի ցանկացած սցենարի պատրաստ լինենք։ Առայժմ պատսպարման կամ տարհանման խնդիր դրված չէ, բայց մենք ամեն վայրկյան պատրաստ ենք դրան։ Մեր բնակչության մեջ էլ ենք իրազեկում իրականացրել, բոլորն էլ պատրաստ են դրան։ Մեր ժողովուրդը՝ հատկապես գյուղական բնակավայրերի տներում, ունեն անվտանգ նկուղային սենյակներ։ Ռմբակոծությունների պարագայում բնակիչներն իջնում են այդ սենյակներ, բայց պաշտոնապես ո՛չ պատսպարում, ո՛չ տարհանում չի հայտարարվել։

- Ազատամարտիկները հայտարարել են, որ պատրաստ են մեկնել Տավուշի առաջնագիծ, մարզպետարան այդ հարցով դիմե՞լ են, այս պահին դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։

- Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Շնորհակալ եմ մեր հայրենակիցներից, մենք իհարկե՛, որոշակի առումով ինքնակազմակերպվել ենք՝ այդ թվում «Երկրապահ» կամավորականների միության հետ, որ իրենք եւ զինկոմիսարիատները համակարգեն այս աշխատանքները։ Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին զորամասեր եւ զորամիավորումներ չայցելել։ Եթե նմանատիպ հարցերով եկել են Տավուշ կամ ցանկություն ունեն գալու՝ ավելի լավ է միանգամից դիմեն զինկոմիսարիատներ։ Բայց նորից եմ ուզում կրկնել, որ դրա կարիքը այս պահին չկա, եւ մեր Զինված ուժերը լիարժեք ի վիճակի են իրականացնելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրների լուծումները։

- Համայնքներից տեղեկություններ ստացե՞լ եք, թե նյութական առումով ինչ վնասներ են կրել։

- Հիմա գնահատում ենք վնասները, որ նաեւ իրականացվի համապատասխան փոխհատուցում։

- «Տավուշ տեքստիլ»-ի ուղղությամբ հնչած կրակոցների հետեւանքով ի՞նչ վնասներ են եղել։ Ենթակառուցվածքների առումով Բերդում խնդիրներ առաջացե՞լ են։

- Բարեբախտաբար շենքին հարված չի եղել, բայց այո՛, այդ ուղղությամբ կրակոցներ են եղել։ Ընդ որում, բոլորս գիտենք, որ «Տավուշ տեքստիլ»-ը Հանրապետության ամենամեծ բժշկական դիմակներ արտադրող ձեռնարկությունն է, այս առումով այդ ձեռնարկությունը կենսական նշանակություն ունի՝ նաեւ համավարակի տեսանկյունից։ Եվ ըստ էության նաեւ ոտնձգություն է եղել այն գործարանի վրա, որն այս պահին ստրատեգիական նշանակության գործարան է համարվում։

Իսկ Բերդ քաղաքում ենթակառուցվածքների առումով խնդիրներ չեն առաջացել։ Եղել են որոշ ենթակառուցվածքային խնդիրներ կապված գազատարների հետ, վերանորոգման աշխատանքներ են արվում, կարծում եմ այսօր կամ վաղը կավարտվի։

- Որպես մարզպետ, այս պահին անվտանգային խնդիր տեսնո՞ւմ եք մարզի համար։

- Այո՛, իհարկե՛, մենք ունենք կենսական ճանապարհներ, որոնք հատվածային գտնվում են ադրբեջանական դիտարկման տակ։ Նաեւ ունեցել ենք մեր պատմության ընթացքում՝ այս վերջին շրջանում ժամանակահատվածներ, երբ այդ ճանապարհները փակվել են։ Մենք ունենք գյուղեր, որոնք ուղղակիորեն գտնվում են թշնամու սահմանին, եւ այդ գյուղերն ըստ էության անընդհատ վտանգված են, եթե կա պատերազմական տրամադրություն։ Իսկ, որ այդ տրամադրությունը առկա է՝ հենց վերջին օրերին երեւաց։ Վերջին 2 տարվա ընթացքում իրականում հարաբերական անդորր էր, իհարկե՛, ամիսներ առաջ այդ անդորրը Տավուշում խաթարեցին, հրաձգություն եղավ՝ Բաղանիս, Կոթի եւ Բարեկամավան վարչական շրջանների ուղղությամբ։ Մենք նաեւ ունեցանք վիրավոր պատանի, վնասված բնակարան Բարեկամավանում, բայց իհարկե՛, այս խոշոր տրամաչափի ոտնձգությունն աննախադեպ էր 1990-ական թվականներից սկսած։

- Տավուշում տեղեկատվական շտաբ կգործի, մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներո՞ւմ է ստեղծվում այն։

- Տեղեկատվական կենտրոնը գործելու է Տավուշի մարզպետարանում։ Սա, կարծում եմ, շատ կարեւոր քայլ է այն առումով, որ մենք պետք է մեծացնենք հատկապես անվտանգային հարցերում մեդիագրագիտությունը։ Մանավանդ որ վերջին օրերին մեդիադաշտում տիրող իրավիճակը չի կարելի համարել բարվոք։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին