Կարևոր իրադարձություններ

Գյումրիում երեկ օդի ջերմաստիճանը նվազել էր, նման քանակի տեղումներն իսկապես աննախադեպ էին․ Գագիկ Սուրենյան

14 Հուլիս, 2020 11:50
Գյումրիում երեկ օդի ջերմաստիճանը նվազել էր, նման քանակի տեղումներն իսկապես աննախադեպ էին․ Գագիկ Սուրենյան

Երեկ՝ հուլիսի 13-ին, Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել էին ոչ միայն տրանսպորտային միջոցները, այլև բնակելի սեփական տները, բազմաբնակարան շենքերի նկուղները, սպասարկման օբյեկտները, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքները։

Կարկուտի  պատճառով Գյումրու փողոցներն անգամ սառույցներ էին գոյացել։

«Երեկ  Գյումրիում դիտված հորդառատ տեղումները պայմանավորված են եղել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությամբ։ Տեղումների քանակը 1 ժամում կազմել է 81մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։ Նման քանակությամբ տեղումները այդ կարճ ժամանակահատվածում, իսկապես Գյումրի համար աննախադեպ էր»։ Այս մասին Shabat.am հետ զրույցում ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը։

Սուրենյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի պատմության մեջ երբևիցե գրանցվե՞լ է նման դեպք, երբ հորդառատ անձրևների և կարկուտի պատճառով նման իրավիճակ է եղել, վերջինս ասաց․ «Նման քանակությամբ տեղումներ այդքան կարճ ճամանակահատվածում գոնե վերջին 10 տարիների ընթացքում մեր ծառայության կողմից չի արձանագրվել»։

Սուրենյանի խոսքով՝ իրենք սպասում էին նմանատիպ երևույթի,  և  դա էր պատճառը որ տարածել էին հատուկ նախազգուշացում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախօրեին տեղացած անձրևի և կարկուտի ժամանակ օդի ջերմաստիճանը Գյումրիում կտրուկ նվազել էր, հասնելով՝ +14․․․+15 աստիճանի։

Սուրենյանն ասաց, որ առաջիկա օրերին ցիկլոնի ուժը թուլանալու է  և նման ինտենսիվությամբ տեղումներ չեն կանխատեսվում։

 

Մարիամ Մելքումյան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին