Կարևոր իրադարձություններ

Առանց դադարի կրակում էին․ բնակիչ․ Ադրբեջանը կրակոցներ է արձակում Բերդ համայնքի ուղղությամբ

14 Հուլիս, 2020 10:59
Առանց դադարի կրակում էին․ բնակիչ․ Ադրբեջանը կրակոցներ է արձակում Բերդ համայնքի ուղղությամբ

 Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։ Այս մասին Shabat.am-ին հայտնեց Բերդ քաղաքի բնակիչներից մեկը։

«Առանց դադարի կրակում էին։ Սովորաբար, որ կրակում են մի քանի վայրկյան  դադար է լինում, բայց այս անգամ դադար չկար։ Կրակոցներ են արձակել նաև մեր հարևան գյուղի և սարերի ուղղությամբ»։

Բնակչի խոսքով՝ կրակոցից կիսափլվել է նաև թոնրատներից մեկը։   

Պաշտպանության նախարարությունից հաղորդեցին, որ Արտաքին գործերի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստռեփանյանը տեղեկացրել էր, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական բանակի կողմից արձակված կրակով կասեցվել է։

Հիշեցնենք, որ Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին