Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Աղոթում ենք, որ խաղաղություն մնա մեր տարածաշրջանում. Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին

14 Հուլիս, 2020 10:35
Աղոթում ենք, որ խաղաղություն մնա մեր տարածաշրջանում. Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները անդրադարձան հուլիսի 12-ից սկսյալ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտումներին և ներթափանցման փորձերին։

«Մտահոգությամբ տեղեկացանք Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության մասին, որի հետևանքով կան տուժած հայ զինծառայողներ։  Անըմբռնելի է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ կեցվածքը համընդհանուր այս համավարակի պայմաններում։

Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսևորված ագրեսիան և հրավիրում միջազգային հանրությանը առարկայական ու համարժեք գնահատականներով կանխելու ռազմական գործողությունների հնարավոր ծավալումները և դրանց հետագա կրկնությունը։

Աղոթելով ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով տուժած մեր զավակների շուտափույթ ապաքինման համար՝ մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին՝ մաղթելով ամրություն ու արիության ոգի դիմագրավելու համար հակառակորդի հարձակումներն ու նկրտումները։

Աղոթում ենք, որ խաղաղությունն անվրդով մնա մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդը շարունակի բնականոն կյանքի իր ընթացքը», - ասված է ուղերձում։

Ժողովականները նաև քննության առան համավարակի պայմաններում Մայր Աթոռի և թեմերի կողմից ձեռնարկված քայլերը և կարիքավոր ընտանիքներին ի նպաստ իրականացվող աջակցության ծրագրերը։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ հոգևոր հովիվների կողմից լուսաբանական աշխատանքներ իրականացվեն՝ զորավիգ լինելու պատկան կառույցներին համավարակի կանխարգելման գործողություններում՝ հորդոր ուղղելով ժողովրդին խստորեն հետևելու պարետատան կողմից սահմանված առողջապահական կանոններին և դրսևորելու հանրային բարձր գիտակցություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծին և դրա վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշմանը, որի շրջանակներում պետական պատկան մարմիններին հորդոր է ուղղվել հիմնորվին վերատեսության ենթարկել փաստաթուղթը՝ նկատի առնելով վերջինիս մեջ տեղ գտած հայեցակարգային էական բացթողումները։ Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց հետևել այս ուղղությամբ ընթացող զարգացումներին և նկատի առնել սույն հարցը հետագա հանդիպումների քննարկումներում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին