Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին, գրում է ermenihaber.am-ը։
Հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ որակելով դրանք «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ»։
Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի ժողովրդինու կառավարությանն ադրբեջանական բանակի կորուստների կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։
Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանն իբր ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել «Ադրբեջանի տարածք ԼՂ-ի և շրջակա տարածքների ապօրինի բռնազավթումից» և հակամարտությանն ավելացնելով նոր չափորոշիչներ արգելափակել հիմնախնդրի քաղաքական լուծումը։
«Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանատիպ վտանգավոր մարտավարությունից, պետք է ընտրի ողջախոհությունը և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ցույց է տալիս, որ Հայաստանը հանդիսանում է ամենամեծ խոչընդոտը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։
Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Աղբյուր՝ ermenihaber.am