Կարևոր իրադարձություններ

Միայն ընկալունակության հետ կապված խնդիրներ ունեցող մարդը կարող էր Գ.Ծառուկյանի երեկվա հայտարարությունը հետքայլ որակել. Իվետա Տոնոյան

12 Հուլիս, 2020 11:00
Միայն ընկալունակության հետ կապված խնդիրներ ունեցող մարդը կարող էր Գ.Ծառուկյանի երեկվա հայտարարությունը հետքայլ որակել. Իվետա Տոնոյան

Երեկ՝ հուլիսի 11-ին, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել, որում մեկնաբանել էր ՀՀ ներկայիս իշխանությանը քննադատող իր աղմկահարույց ելույթը՝ նշելով, թե դա երկրում ստեղծված իրավիճակով մտահոգ մարդու ելույթ էր: Այս հայտարարությունը որոշ քաղաքական գործիչների կողմից որակվեց որպես Գ. Ծառուկյանի կողմից որոշակի հետքայլ: Shabat.am-ը մեկնաբանության համար դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին:

-Տիկի՛ն Տոնոյան, նախօրեին Գագիկ Ծառուկյանը ծավալուն հայտարարություն էր տարածել եւ մեկնաբանելով կառավարության կազմը փոխելու իր հունիսի 5-ի ելույթը, նշել էր, որ իր ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ է եղել:  Այս հայտարարությունից հետո որոշ շրջանակների կողմից գնահատականներ հնչեցին այն մասին, որ սա ԲՀԿ նախագահի կողմից որոշակի հետքայլ է: Արդյո՞ք դա այդպես է:

- Բնականաբար այդպես չէ: Միայն բանականության և ընկալունակության հետ կապված լրջագույն խնդիրներ ունեցող մարդը կարող էր Գագիկ Ծառուկյանի նախօրեին տարածած հայտարարությունից տպավորություն ստանալ, թե դա հետքայլ է: Ես իհարկե հասկանում եմ, որ իշխանությունների համար այլևս ձեռնասուն դարձած որոշ վերլուծաբաններ քրտնաջանորեն փորձում էին երեկ այս թեզն առաջ տանել և ինչ-որ «պայմանավորվածությունների» վերաբերյալ բախտագուշակություններ անել, սակայն ստիպված եմ հիասթափեցնել վերջիններիս: Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը ոչ թե հետքայլ էր հունիսի  5-ին հնչեցրած գնահատականներից, այլ ընդհակառակը՝ ևս մեկ անգամ դրանց վերահաստատումն էր և առավել ծավալուն կերպով դրանց անդրադառնալու հնարավորություն: Մեր օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու, իսկ դրա մասին երազողներին խորը հիասթափություն է սպասում: Գագիկ Ծառուկյանի ելույթը երկրում ստեղծված իրավիճակը հիասքանչ պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր, որտեղ բարձրաձայնված խնդիրներն ու պրոբլեմներն այս օրերին ավելի ու ավելի են խորանում և վերջնականապես անդունդի եզրին չհայտնվելու համար օր առաջ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, փոփոխություններ իրականացնել, ծրագրեր կյանքի կոչել, այլապես վաղն այլևս կարող է ուշ լինել: Հենց այս մտահոգությունն էր ընկած Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության հիմքում: 

-Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո քննադատական գնահատականներ հնչեցրեցին նաև իշխանության ներկայացուցիչներից ոմանք: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

-Քաղաքականության մեջ երբևէ  կողմնակից չեմ եղել էժանությանն ու տկարամտությանը նույն կերպ արձագանքելու գործելաոճին: Ցավում եմ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց թոթովախոս հարցազրույցներում մի նախադասության մեջ 6 անգամ Գագիկ Ծառուկյանի անունը դողդոջուն ձայնով տալով փորձում են կարևորել իրենց սեփական գոյությունը և արդարացնել  բախտի բերմամբ կամ պատահմամբ իրենց բաժին հասած մանդատը: Բայց ունենք այն ինչ ունենք: Ունենք իրավիճակ, երբ համավարակի տարածման ցուցանիշներով մեր երկիրը համաշխարհային ռեկորդներ է սահմանում, երբ մահացածների դիակներ են սխալմամբ ուրիշներին հանձնում և հուղարկավորվում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը իր  դռներն է փակում Հայաստանի առաջ, իսկ մեր երկրի իշխանությունները զօրուգիշեր լծված են օտարածին օրակարգեր սղղացնելով, սոցիալական ցանցերում լկստվելով ու մեր ազգային ինքնության կործանմանն ուղղված նախաձեռնություններ կյանքի կոչելով: Իրապես ցավով եմ արձանագրում այս ամենը և հույս եմ հայտնում, որ մենք դեռ կարող ենք կասեցնել ազգակործան այս գործընթացները և դեռ մեր հայրենիքը կործանումից փրկելու շանս ու հնարավորություն ունենք:

 

Լրահոս

Դիտել ավելին