Կարևոր իրադարձություններ

ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-ն վաճառել Եսայաններին․ «Բիլայն»-ի մի շարք աշխատակիցներ բողոքում են

10 Հուլիս, 2020 17:10
ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-ն վաճառել Եսայաններին․ «Բիլայն»-ի մի շարք աշխատակիցներ բողոքում են

Հուլիսի 9-ին տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը «Թիմ» ՍՊԸ-ի՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից։

Այսինքն՝ թույլատրվել է «Բիլայն»-ը վաճառել Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների նորաստեղծ ընկերությանը։

«Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- հայտնեցին հանձնաժողովից:

Նշենք, որ սրան զուգահեռ այս պահին «ՎԵՈՆ Արմենիա»-ի մի քանի տասնյակ աշխատակից բողոքի ակցիա է իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց։ Նրանք չեն ցանկանում, որ ընկերությունը վաճառվի։ Աշխատակիցները հրաժարվում են լրատվամիջոցների հարցերին պատասխանել՝ նշելով, որ չեն բողոքում, պարզապես կանգնած են։

Հիշեցնենք, որ ի սկզբանե «ՎԵՈՆ Արմենիա»-ն իր բաժնետոմսերը պատրաստվում էր վաճառել «Յուքոմ»-ին, սակայն Եսայան եղբայրների՝ «Յուքոմ»-ից հեռանալուց հետո ընկերությունը հետ վերցրեց վաճառքի վերաբերյալ դիմումը, այնուհետեւ, երբ Եսայանները ստեղծեցին «Թիմ» ընկերություն «ՎԵՈՆ Արմենիա»-ն հայտ ներկայացրեց ընկերության բաժնետոմսերը նրանց վաճառելու։

 

Լրահոս

Դիտել ավելին