Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,42
    6,72

Կարևոր իրադարձություններ

Թատերական գործիչները ԿԳՄՍ նախարարությանը կխնդրեն աջակցել ներկայացուները վերսկսելու գործում

09 Հուլիս, 2020 11:30
Թատերական գործիչները ԿԳՄՍ նախարարությանը կխնդրեն աջակցել ներկայացուները վերսկսելու գործում

Թատերական գործիչները որոշել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության անունից նամակ-առաջարկով դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները անվտանգության բոլոր նորմերը պահպանելով վերսկսելու համար:

Որոշումը կայացվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նիստում, որը տեղի է ունեցել հուլիսի 8-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բացօթյա տարածքում:

Նիստի ընթացքում թատերական գործիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև խոսել են իրենց թատրոններում այս պահին կատարվող աշխատանքների մասին:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է, որ, համաճարակով պայմանավորված, պարապուրդը կարող է կործանարար լինել յուրաքանչյուր ստեղծագործական կոլեկտիվի համար: Ուստի պետք է վիճակից ինչ-որ ձևով դուրս գալու միջոցներ ձեռնարկել: Ղազանչյանը շեշտել է, որ երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում թատրոններն, անշուշտ, իրականացրել են առցանց հեռարձակումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ, բայց թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ կենդանի հաղորդակցմամբ:

Նիստին ելույթ են ունեցել Վանաձորի Հ. Աբելյանի անվ. պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, Երևանի դրամատիկական թատրոնի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, Գ. Սունդուկյանի անվ. ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Հ. Մալյանի անվ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանը, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, Երևանի պետական կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին