Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. «Ժողովուրդ»

09 Հուլիս, 2020 08:20
ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ազգային Անվտանգության ծառայությունը կարծես թե որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել նախկին եւ ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում: 

Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր եւ «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նշեց, թե խուզարկություն եղել է իր գրասենյակում: «Գրասենյակը չի աշխատում, ընտրություններից հետո անմիջապես փակվել է: Տարել են թերթիկներ, որտեղ կուսակցությանը անդամակցված անձանց անուններ են եղել: Միայն դա է եղել մեզ մոտ», – հայտնեց Ստեփանյանը՝ ընդգծելով, թե չի վախենում ԱԱԾ-ի գործողություններից: Պարզվում է՝ արդեն «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Հրանտ Դավթյանը եւս մտավախություններ չունեն, որ ԱԱԾ-ն կարող է նրանց հետեւից եւս գնալ: «Կգան, աչքիս վրա գան, չեն գա, իրենց ինչ ասեմ», – նշեց Մանուկյանը, իսկ, ահա, Հրանտ Դավթյանը հայտնեց, թե իրեն չեն հարցաքննել՝ նշելով, թե չի արել մի բան, որի համար իրեն կարող են կալանավորել: Հավելենք, որ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին