Կարևոր իրադարձություններ

Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը․ «Հայկական Ժամանակ»

09 Հուլիս, 2020 00:01
Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը․ «Հայկական Ժամանակ»

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար՝ ՀՀ ՔՕ-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպաններից Էմին Բեգլարյանը, հավելելով, որ Ասատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ:

Պաշտպանի խոսքով՝ Վանիկ Ասատրյանն ի սկզբանե հրավիրվել է որպես մեղադրյալ հարցաքննության, ներկայացել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել հուլիսի 3-ին, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ կալանավորելու որոշում կայացնելով, հաստատված է համարել հիմնավոր կասկածն առ այն, որ Ասատրյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին՝ միաժամանակ հաստատված համարելով կալանավորման՝ քննիչի կողմից ներկայացված հիմքերից միայն մեկը: Թե կոնկրետ որ հիմքի մասին է խոսքը, պաշտպանը չցանկացավ բացահայտել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով, սակայն նշեց, որ իրենց գնահատմամբ՝ կայացվել է անհիմն դատական ակտ: Դրա դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Մեղադրանքի առաջադրումից առաջ՝ դեռ հունիսի 26-ին, Վանիկ Ասատրյանի բնակարանում խուզարկություն է կատարվել, ինչը եւս պաշտպանն անօրինական է որակում. ըստ նրա՝ տեղի է ունեցել  դատավարական կարգի կոպիտ խախտում. «Խուզարկության թույլտվության մասին դատարանի որոշման մեջ նշված է եղել մի հասցե, սակայն խուզարկությունն իրականացվել է այլ հասցեում. տվյալ պարագայում մենք դա հավասարեցնում ենք առանց դատարանի որոշման խուզարկությանը»: Որոշման մեջ նշված հասցեն, ըստ պաշտպանի, որեւէ կերպ չի առնչվում Վանիկ Ասատրյանի հետ. «Մենք հարցում ենք արել քաղաքապետարան եւ նման բովանդակությամբ տեղեկանք ունենք,  նա երբեք այնտեղ չի բնակվել, ենթադրում ենք՝ այլ անձին պատկանող տուն է»: Խուզարկության արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, սակայն դրանց բովանդակությունը եւս պաշտպանը չցանկացավ մանրամասնել, միայն պնդեց՝ ապօրինի քննչական գործողության միջոցով ձեռք բերված ապացույցները որեւէ կերպ չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ դա անթույլատրելի է Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի ուժով. «Ամեն դեպքում, մեր կարծիքով՝ նույնիսկ այդ փաստաթղթերը որեւէ առնչություն չեն կարող ունենալ մեղադրանքի հետ»,- ասել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին