ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հունիս ամսին ստուգում է իրականացրել Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
Համայնքի ղեկավարի 05.05.2015թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.1հա մակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել։
Համայնքի ղեկավարը՝ 30.04.2020թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել քարհանքի արդյունաբերական գործունեությունը, սակայն ստուգման պահն ևս աշխատանքները դադարեցված չեն եղել։
Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու և փոփոխված հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետներին փաստաթղթեր չեն ներկայացվել։
Այսպիսով, ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունն է խախտված, այլ նաև հողօգտագործումն է ինքնակամ, որի արդյունքում համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չի մուտքագրվում զգալի չափով գումարներ:
Համայնքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով Տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։