Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ալիևն անհանգստանում է, որովհետև խնդրի լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով․ Աժ պատգամավոր

01 Հունվար, 1970 04:00
Ալիևն անհանգստանում է, որովհետև խնդրի լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով․ Աժ պատգամավոր

«Հայտարարությունները հենց այնպես չեն արվում, երբեք չպետք է թերագնահատել հակառակորդին, դա ամենամեծ սխալը կլինի,  պետք է մշտապես զգոնություն պահպանել։  Նմանատիպ հայտարարությունները նոր չեն, և 2016թ․ ապրիլյան պատերազմը՝ Ադրբեջանի կողմից, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հնարավոր է՝  ինչ-որ պահի գնա լայնամասշտաբ սադրանքի։ Ոչինչ բացառել պետք  չէ, բայց ես կարծում եմ`  թե՛ դիվանագիտական ուղղությամբ համառ աշխատանք ենք տանում, թե՛ ամրացնում ենք մեր անվտանգային համակարգը»։  Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին, Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների եթերում հայտարարել էր․ «Ադրբեջանի դիրքորոշումը պատմական հիմքերի և միջազգային իրավունքի վրա է հիմնված, և խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Մենք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծումը ադրբեջանական հողի վրա, իսկ հայ զինվորները պետք է ազատեն «օկուպացված տարածքներ»-ը՝ այնտեղ թողնելով Ադրբեջանի քաղաքացիներին»:

ԱԺ պատգամավորն ասաց, որ երբևիցե,  Ադրբեջանին թույլ չեն տալու բնաջնջման քաղաքականություն՝ Արցախի և Երևանի մեր հայրենակիցների նկատմամբ։    

Նշենք, որ Ադրբեջանի ղեկավարը երեկ  քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտնելով, որ իրենք սպասում են Մինսկի խմբի կողմից կոնկրետ հակամարտության լուծման մասին ուղիղ հայտարարությունների։ Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարություններ անում այս փուլում․

«Այդ  հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ խոսվում էր համավարակի հաղթահարման միջոցների մասին,    այսինքն՝ բուն քննարկումը, համավարակի պատճառով ստեղծված իրադրությունն է։  Դրանից հետո նա որոշեց հերթական անգամ խոսել ներքաղաքական կյանքի մասին և իր խոսքի վերջում անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Պետք է նշենք, որ այո՛, քննադատաբար էր մոտենում ու ընդորում  հատկապես այն կարևոր կետերը, որ համանախագահները արձանագրել էին իրենց համատեղ հայտարարության մեջ, խոսքը՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծման բացառումն է։ Ալիևն ասաց, որ իրենք զրկված են խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքից։

Կարծում եմ՝ Ալիևը մտահոգված է, որ հայկական կողմի համար շատ կարևոր, օրակարգային խնդիրները՝ ինչպիսին մթնոլորտի առողջացումն է, տեղ է գտնում նաև միջազգային օրակարգում, մասնավորապես համանախագահները ևս արձանագրում են դրա կարևորությունը, որովհետև առանց միջավայրի առողջացման հնարավոր չէ խոսել իրական, առարկայական, ինչպես Ալիևն է ասում, բանակացությունների մասին։ Խոսքը վերաբերում է նաև Արցախի հարցը  բանակցությունների սեղան բերելուն։ Ալիևն անդրադարձավ այդ հարցին, նշելով, թե իբրև հայկական կողմը ֆորմատի փոփոխություն է փնտրում, մինչդեռ՝ հայկական կողմը  ֆորմատի լիարժեք վերականգման պնդում է անում, որը բավական լեգիտիմ պահանջ է և հասկանալով, թե ինչքան լեգիտիմ է այդ պահանջը և  հայկական կողմը համառելու է ՝ դա իրագործելու ուղղությամբ, դրանից արդեն Ալիևը մտահոգվելով որոշել է իր դժգոհությունը հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը նաև դժգոհություն էր հայտնել այն հարցի կապակցությամբ, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը չի պատասխանում Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե  Ղարաբաղը Հայաստան է։ Ի պատասխան, Հայրապետյանն ասաց․  

«Իսկ ի՞նչ արձագանք պետք է լիներ այդ հայտարարությանը։ Երեկ, վարչապետի մամուլի խոսնակը,  արդեն անդրադարձել էր այդ հարցին։ Հատուկ Ալիևի համար նաև պատմական ակնարկ էր արել, և դրանով հարցը փակված է։ Ավելին ասեմ՝ Ալիևը խոսում էր,  թե ինչո՞ւ համանախագահները չեն քննադատում Շուշիի երդմնակալությունը և նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր։

Ալիևը մոռանում է, որ երեք սկզբունքների մեջ մտնում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Չի կարող դրանից խուսափել, ինքը փորձում է խնդիրը ներկայացնել բացառապես ադրբեջանական տեսանկյունից, և երբ վարչապետն ասաց, որ որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր 3 կողմերի համար, բնականաբար Ալիևն այստեղ լուրջ խնդիրների է բախվում, որովհետև ինքը երբեք ազնվորեն չի խոսել ազգերի ինքնորոշման իրավունքից։  Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է, և եթե անհրաժեշտ լինի  կանի ևս մեկ անգամ, և դա արձանագրված է սկզբունքների մեջ։ Մյուս սկզբունքների մեջ նշվում է՝ ուժի և զենքի բացառումը, որը կրկին Ալիևին անհանգստացնում է, որովհետև նա մշտապես  խնդրի լուծումը տեսել է ուժային ճանապարհով, և դա երբեք չի թաքցրել։ Երբ համանախագահները հստակ արձանագրում են, որ խնդրի ռազմական լուծում լինել չի կարող, այստեղ արդեն առաջանում է Ադրբեջանի ղեկավարի դժգոհությունը»,- ասաց պատգամավորը։

 

Մարիամ Մելքումյան

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին